18/09/2021 14:01
Հայաստանի մուտքը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետություն քայլ առաջ կլիներ․ Ղազարյան
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետություն Հայաստանի մուտքը, անշուշտ, քայլ առաջ կլիներ ու դրականորեն կազդեր և՛ Հայաստանի տնտեսության, և՛ անվտանգության, և՛ հայկական պետականության կայացման վրա, «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Երջանիկ Ղազարյանը։
Նա նշել է, որ դրա համար ինտեգրացիոն գործընթացների ընդլայնում է անհրաժեշտ։
«Երիտասարդ մասնագետները մեկնում են Ռուսաստան ու հիանալի անգլերեն են խոսում, բայց նրանք շատ վատ են ռուսերեն խոսում, ուստի պետք է խնդիր դնել առնվազն երկու անգամ ավելացնել ռուսաց լեզվի դասերը դպրոցում, վերականգնել ռուսական դպրոցները», - ասել է Ղազարյանը:
Ըստ Կոմունիստական կուսակցության առաջնորդի՝ դա ոչ թե ձուլում է, այլ հենց եղբայրական երկու ժողովուրդների ինտեգրում:
«Պետք է նպաստել, որ մեր մասնագետները կարողանան աշխատել Ռուսաստանում, կարողանան շարունակել իրենց կրթությունը, հետո Հայաստան վերադառնան։ Թե չէ` մենք տեսնում ենք, որ մարդիկ տարեցտարի միայն հեռանում են երկրից»,- հավելել է նա։
Ղազարյանն ընդգծել է նաև, որ հիմա Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք գրանտներ են ստանում «Սորոսի հիմնադրամներից» և առաջ են տանում այն գաղափարը, որ այլ երկրներն ավելի շատ աջակցություն են ցուցաբերել Հայաստանին, բայց դա այդպես չէ: