18/09/2021 14:31
Քննադատություններից չեմ վախենում, ճիշտ որոշում եմ կայացրել. Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարներ բաժանելու մասին
Ազգային ժողովում պարգևավճարներ տալը եղել է իմ որոշումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես տեսել եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները նախ մի պահ հայտարարեցին, որ բյուջե են վերադարձնելու այդ գումարը, հետո հայտարարեցին, որ ինչ-որ ծախսեր են անելու: Այո, ես կարող եմ ասել, որ իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերարդաձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անել, ես վստահ եմ՝ կկարողանան գտնել շատ գումարներ, օրինակ, ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց վերանորոգելու համար», - ասաց նա:
Սիմոնյանն ընդգծեց՝ պարգևավճարները չեն լինելու այն քանակությամբ, ինչ եղել է նախկինում:
«Ես ասացի՝ դա իմ որոշումն է, ես քննադատություններից չեմ վախենում ու համարում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել ու այդ որոշումը տեղին եմ համարում», - նշեց ՀՀ ԱԺ նախագահը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում Անկախության 30-ամյակի առիթով պարգևավճարներ են բաժանել։ Ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օգտվել գումարից. դրանք կուղղեն սոցիալական ծանր խնդիրների լուծմանը, ինչն առաջացել է պատերազմի հետևանքով։