23/09/2021 19:12
Փաշինյանի նպատակը Սյունիքը վիլայեթ դարձնելն է, նրա մարտնչող ուժը գլխատելը․ Մինասյան
«Ակնհայտ է, որ կապիտուլյանտ դավաճանը ունի նպատակ․ երբ հետևում ենք նրա գործերին ու քայլերին, ապա դա առաջին հերթին Սյունիքի հայաթափումն է, նրա մարտնչող ուժի գլխատումը, որովհետև բոլոր այն համայնքապետերը, որոնք այսօր գտնվում են անազատության մեջ, իրենց կյանքով են ապացուցել, որ իրենց հայրենիքի տարածքից որևէ մետր զիջող չէին։ Այդպիսի մարդիկ Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի են», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը՝ արձագանքելով գնահատականներին, որ Սյունիքի համայնքապետերի կալանավորման և Սյունիքի հանձնման միջև ուղիղ կապ կա։
Գագիկ Մինասյանը նշեց, որ Փաշինյանը, կալանավորելով Սյունիքի համար մարտնչելու պատրաստ լիդերներին՝ ցանկանում է ավարտին հասցնել Սյունիքը վիլայեթի, անեքսիայի ենթարկված տարածքի վերածելու իր ծրագիրը․ այնպիսի տարածքի, ինչպիսին Աջարիան է՝ Վրաստանում։
«Սյունիքը կլինի սկիզբը, ինչպես Աջարիան Վրաստանի համար եղավ սկիզբը։ Բայց եթե Աջարիան գերնշանակություն չունի Վրաստանի համար, ապա Սյունիքը Հայաստանի համար ամեն ինչ է, որովհետև միակ ճանապարհն է դեպի Իրան, և եթե, Աստված մի արասցե, Սյունիքում տեղի ունենա այն, ինչը մենք հիմա տեսնում ենք Աջարիայում, ապա Հայաստանի մնացած ամբողջ տարածքի ապագան կանխորոշված կլինի», - ընդգծեց Գագիկ Մինասյանը։