23/09/2021 20:11
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: Նա կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ զարգացման հեռանկարները:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորել է խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ: Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը:
Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատել է խորհրդարանի կարողությունների հզորացմանը և խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը: