23/09/2021 10:56
Հանրապետության հրապարակից Փաշինյանն Էրդողանին և Ալիևին պոզիտիվ ազդակներ էր հղում, ջնջում էր Արցախի դրոշը․ Արմեն Աշոտյան
«Այդ օրվա միջոցառում կոչվածը շատ վտանգավոր էր իր մշակութային ու քաղաքական մեսիջներով։ Կապիտուլյանտի խոսքն այն մասին էր, որ ժողովուրդ ջան, սա է նոր իրականությունը, ես ձեզ կհրամցնեմ գունազարդ տեսարաններ, բայց չեմ խոսի Արցախի խնդրի մասին, չեմ խոսի հայի ոգին վերականգնելու և մեր հայրենիքի կորուսյալ հատվածները վերադարձնելու մասին, չեմ խոսի բանակի մասին, չեմ խոսի ազգային արժեքների մասին, և այդ ամենն ամփոփվեց իր երեկվա ճառի մեջ՝ այն նախադասությամբ, որ անպայման չէ՝ մենք հաղթենք ուրիշներին, կարող ենք հաղթել ինքներս մեզ»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված «գունագեղ» միջոցառմանը՝ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա ինչպես Փաշինյանի ելույթում, այնպես էլ միջոցառման բովանդակության մեջ հայի տեսակը փոխելու հստակ միտում է տեսել։
«Ամբողջ քաղաքական ուղերձն այն մասին էր, ինչ նրա տիկինն ասել էր տարիներ առաջ․ «մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի»։ Որովհետև իր այդ օրվա խոսքը ոչինչ էր։ Սա պարտության հետ համակերպվելու քարոզ է։ Սա երկոտանի հայից չորքոտանի հայ կերտելու քարոզ է։ Ես ուշադիր նայել եմ, համերգին չկար հայրենասիրական, բանակի հետ կապված, ազատամարտի հետ կապված, Արցախի հետ կապված կատարում։ Լավ, փողը տվել եք, Սանկտ-Պետերբուրգից էդ թռչող, լուսարձակող «մոծակներին» բերել եք, մի հատ էլ Արցախ գրեիք, հայ զինվոր պատկերեիք, Արցախի դրոշ պատկերեիք․ եռագույնը պատկերել էիք, չէ՞․․․ Դեդո-Բաբոյին պատկերեիք, Շուշի գրեիք», - ասել է Աշոտյանը։
Արմեն Աշոտյանն ընդգծել է նաև, որ այս և այլ դրսևորումներով հետևողականորեն առաջ է տարվում հայ ազգին վերակոդավորելու ծրագիրը։
«Այդ օրվա ամբողջ միջոցառման նպատակը հայ ազգի վերակոդավորման մեջ էր․ հանել ինքնության մշակութաբանական, քաղաքակրթական հին կոդերը։ Իսկ մեր երրորդ հանրապետության ստեղծման ակունքը, ողնաշարն Արցախն է, և այդ կոդը, այդ ողնաշարն ամբողջությամբ հանվել էր։ Հայաստանի Հանրապետությունը ծնվել է արցախյան շարժումից։ Այդ օրն Արցախ չկար ոչ մի տեսակի խորհրդանշական արտահայտմամբ։ Դա նպատակային քաղաքականություն է», - ասել է Աշոտյանը։
Նա շեշտել է, որ Փաշինյանն այդպիսով նաև արտաքին աշխարհի թուրք խաղացողներին էր մեսիջ հղում՝ Էրդողանին և Ալիևին ցուցադրելով պոզիտիվ ազդակներ և անելով շատ ավելի վատը, քան օրեր առաջ տեղի ունեցածն էր Գորիս-Կապան ճանապարհին, երբ ադրբեջանցի զինվորականը ֆուտբոլի պատանիների հավաքականի մեքենայի վրայից դանակով ջնջում էր արցախյան դրոշը։
«Այդ օրը դրա հազարապատիկը Նիկոլն արել է Հանրապետության հրապարակում․ Արցախի դրոշը ջնջել է», - ասել է Արմեն Աշոտյանը։