23/09/2021 15:25
«Freedom House»-ի զեկույցում օգտագործվել են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության «Ինտերնետի ազատություն- 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունները։
Մասնավորապես, զեկույցում հղում է արվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որով ծնողներին և երեխաներին կոչ էր արվում չափազանց զգույշ լինել սոցիալական ցանցերից օգտվելիս և խուսափել հատկապես «TikTok- ից»՝ վկայակոչելով թուրքական և ադրբեջանական աղբյուրներից տարածվող բռնության կոչերը:
Մեծ կարևորություն ունի նաև այն, որ «Freedom House»-ի զեկույցում օգտագործված է 2020 թվականի տարեվերջին Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցը՝ ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Ըստ համատեղ զեկույցի՝ «Ֆեյսբուք», «Թվիթեր» ու «ՏիկՏոկ» ցանցերում հնչում են սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման կոչեր։
«Freedom House»-ը զեկույցը կազմելիս հաշվի է առել նաև պատերազմի ու ռազմական դրության ժամանակ կիրառված սահմանափակումները։ Այդ սահմանափակումների վերաբերյալ նախորդ տարի իր քննադատական դիրքորոշումներով էր հանդես եղել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։