23/09/2021 11:58
ՀՀ ղեկավարությունը մեծ սխալ է անում՝ Մոսկվային ներկայացնելով չհիմնավորված դժգոհություններ․ Տրոֆիմչուկ
«Հայաստանը դեռ դուրս չի գալիս Մոսկվայի ազդեցության ուղեծրից, սակայն Նիկոլ Փաշինյանն ամենատարբեր եղանակներով հասկացնում է, որ դա հնարավոր է ցանկացած պահի: Նրա փորձերը՝ օգտագործել վրացական գործոնը, խոսում են այն մասին, որ նա փորձարկում է նաև այլ տարբերակներ: Վրաստանն ակնհայտորեն կապված է ԱՄՆ-ի հետ, և դա շատ բանի մասին է խոսում, եթե ոչ՝ ամենի»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասել է տարածաշրջանային և անվտանգության հարցերով քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ պատասխանելով հարցին, թե Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Թուրքիայի նախագահից հանդիպում խնդրելու Փաշինյանի նախաձեռնությունը նշանակու՞մ է արդյոք, որ Հայաստանը դուրս է գալիս ՌԴ ազդեցության գոտուց։
Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու ևս մի քայլ քաղաքագետը համարել է Թուրքիայի դերակատարման մեծացումը՝ տարածաշրջանում։ Թուրքիան, ըստ Տրոֆիմչուկի, Հայաստանին Ռուսաստանի ազդեցության տիրույթից դուրս բերելն անհնարին չի համարում։
«Հիմա մենք տեսնում ենք Թուրքիայի ակտիվությունը, որն, ըստ էության, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո գրեթե առաջին անգամ դուրս է եկել ստվերից: Թուրքիան նույն ՆԱՏՕ-ն է, ուստի Փաշինյանի շարժումները լիովին հասկանալի են: Փաշինյանին հասկացնում են, որ իր բոլոր խնդիրները կլուծվեն, եթե նա հեռավորություն պահպանի Ռուսաստանից։ ․․․ Թուրքիան պատրաստ է Հայաստանին դուրս հանել Ռուսաստանի ազդեցության տիրույթից՝ զգալով, որ այստեղ ևս անհնար ոչինչ չկա: Սա Ղարաբաղում իրավիճակի վրա ազդելու եղանակներից մեկն է: Դրանցից վերջինը, եթե ոչինչ չհաջողվի, Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելն է»,- ասել է նա։
Քաղաքագետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում պատերազմը Ռուսաստանին պետք չէ ոչ մի պարագայում։
«Ինչ էլ ասեն որոշ հայ մեկնաբաններ՝ համարելով, որ Ռուսաստանը խաղում է թուրքերի կողմից, Ռուսաստանը չի կարող լինել ո՛չ այս, ո՛չ մյուս կողմում, քանի որ անհավասարակշռությունը դեպի հայկական կամ ադրբեջանական կողմը նրան կներքաշի պատերազմի մեջ: Բայց Հայաստանն էլ հանձնել նա չի կարող: Եվ անգամ ոչ այդ երկրի նկատմամբ մեծ սիրո պատճառով, այլ աշխարհաքաղաքական սխեմաների պատճառով: Ուստի ներկայումս ՌԴ-ն ամեն հնարավորն անում է: Նրանից ավելին պահանջելը նույնն է, թե տարածաշրջանը հարյուրամյա պատերազմի մեջ ներքաշելը»,- նշել է Տրոֆիմչուկը։
Նա հավելել է, որ եթե չլիներ Ռուսաստանը, ապա ադրբեջանական բանակը հասած կլիներ Երևանի մատույցներին, Թուրքիան ևս կարող էր ներխուժել Հայաստանի տարածք։
«Ռուսաստանն այստեղ անում է այն ամենը, ինչ կարող է: Հիշեցնեմ, որ ողջ աշխարհում Ռուսաստանն ունի բազմաթիվ ամենատարբեր ու ոչ պարզ պարտավորություններ, որոնք նա ստիպված է իրականացնել՝ թույլ չտալով, որպեսզի իրավիճակը վերաճի պատերազմի: Իսկ ռուսական ֆինանսներն անսահմանափակ չեն: Ուստի ՀՀ ղեկավարությունը մեծապես սխալ է վարվում՝ ներկայացնելով Մոսկվային չհիմնավորված դժգոհություններ»,- ասել է Գրիգորի Տրոֆիմչուկը։