23/09/2021 18:19
Հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին ամերիկյան օրինագիծն Ալիևի ռեժիմի համար զրոյական նշանակություն ունի. Ադրբեջանագետ
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը, որով Ադրբեջանին պահանջ է ներկայացվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, զրո ազդեցություն է ունենալու պաշտոնական Բաքվի վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
«Ես այն եզակի մարդկանցից եմ, ով դժբախտություն է ունեցել ապրելու Բաքվում և լավ է ճանաչում այդ երկրի բռնապետի մենթալիտետը։ Հավանականությունը շատ քիչ է, որ հակառակորդ պետությունը հումանիտար քայլի կդիմի՝ վերադարձնելով հայ ռազմագերիներին։ Սա պարզ ճշմարտություն է. ադրբեջանական քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվել», - ասաց ադրբեջանագետը։
Գրիգորի Այվազյանի համոզմամբ՝ Ադրբեջանն, այնուամենայնիվ, մի օր անպայման ազատ է արձակելու բոլոր ռազմագերիներին, սակայն դա անելու է դանդաղ և հայ հասարակությանը մաշեցնելով։
«Ալիևը կվերադարձնի մանավանդ այն ռազմագերիներին, որոնց անուն-ազգանունները կոնկրետ հայտնի են և հնչում են։ Ուղղակի ավելի շատ կտանջի նրանց բարեկամներին և հայ ժողովրդին։ Պետք է հակառակորդի մտածելակերպը հասկանալ. Ադրբեջանը փորձելու է Հայաստանից առավելագույնը «քամել»։
Մենք և նրանք տարբեր կերպ ենք մտածում, և դրանից են բխում մեր բոլոր հիասթափությունները։ Չպետք է հիանալ թեկուզև աշխարհի ամենահզոր պառլամենտի հայտարարությամբ, որը Իլհամ Ալիևի բռնատիրական ռեժիմի համար զրոյական նշանակություն ունի», - իր խոսքն ամփոփեց Գրիգորի Այվազյանը։