23/09/2021 16:07
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վստահեցնում է՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Արևիկ» ազգային պարկի տարածքում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել:
«Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս պահի դրությամբ հրդեհաշիջման հարցում հայկական կողմն աջակցության անհրաժեշտություն չունի, սակայն կասկած չկա, որ հարկ եղած դեպքում իրանցի բարեկամներն օգնության կհասնեն: Համացանցում և ԶԼՄ-ներում տարածվող տեսանյութն «Արևիկ» ազգային պարկի տարածքից չէ:
Կադրերում սեպտեմբերի 21-ին Հարավային մաքսատան մոտակայքում բռնկված հրդեհն է: Տեսանյութում լսվում են իրանական կողմից բարձրախոսով հնչող շնորհակալական խոսքերը՝ ուղղված հայ հրշեջներին՝ արագ արձագանքման համար», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։