23/09/2021 17:28
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ դեսպանին. ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և առողջություն մաղթելով վիրավորներին:
Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:
ՌԴ դեսպանը բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում է համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը:
Կողմերը քննարկել են նաև առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր: