24/09/2021 21:41
Արմեն Գևորգյանը չի մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին. դատավոր Դանիբեկյանը չի թույլատրել նրա մեկնումը Ստրասբուրգ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի դիմումը և խոչընդոտել է նրա մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին՝ որպես ԱԺ պատգամավոր։
«Ի համերաշխություն իմ գործընկերոջը հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց։
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ. արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։ Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը», - նշել է Մամիջանյանը։