24/09/2021 13:16
Իրանում ընկալվում է, որ Ադրբեջանը չափն անցնում է․ կարող ենք ականատես լինել կոշտ արձագանքի․ Իրանի խորհրդարանի պատգամավոր
«Թուրքիան և Ադրբեջանն ունեն տարածաշրջանում իրենց լայնածավալ ծրագրերը և փորձում են այնպես անել, որ Իրանը դրան համապատասխան հակազդեցություն կամ չտա կամ ուշացումով տա: Իրանի գլխավոր շտաբի պետն ակնարկեց, որ մենք Իրանի հյուսիս-արևմուտքում շուտով մեծ փոփոխությունների ականատես կլինենք: Հետևաբար, ես դեռ մի քիչ վարանում եմ ասել՝ պատերազմ կամ նման մի գործողություն կլինի՞, թե՞ ոչ, քանի որ Իրանն էլ զգույշ է, որ նման թակարդի մեջ չընկնի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ անդրադառնալով իրանաադրբեջանական բախման հավանականության մասին փորձագիտական գնահատականներին։
Նման գնահատականներն ակտիվացել են հատկապես այն բանից հետո, երբ բոլորովին վերջերս ադրբեջանական կողմը կրակ էր բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ, օդաչուն կարողացել էր հետ մղել հարձակումը: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանի հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։ ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնյա շրջան է ուղարկվել դեռևս Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը»։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Թավրիզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները։
«Իրանական ԶԼՄ-ներում, հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ գտնվող ԶԼՄ-ների վերլուծություններում էլ ենք տեսնում՝ Իրանում ընկալվում է, որ Ադրբեջանը չափն անցնում է արդեն: Հետևաբար, կարող ենք ականատես լինել կոշտ արձագանքի: 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանը թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին խիստ հանդիմանել և զգուշացրել է՝ ոտնձգություններ չանել Հայաստանի հողի նկատմամբ, մասնավորապես՝ Սյունիքը չկտրել, և այլն: Բայց դե, ախորժակները բացվել է, որովհետև բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանությունը համապատասխան հակազդեցություն չի կարողացել կամ չի ցանկացել ցույց տալ: Եվ, ինչո՞ւ չէ, Ռուսաստանն էլ՝ իբրև Հայաստանին դաշնակից և Իրանին բարեկամ երկիր, բացթողումների ձևով իր դերն է խաղում», - այս առնչությամբ ասել է Իրանի խորհրդարանի պատգամավորը։
Նա հավելել է, որ Իրանում հետևում են նաև, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: