24/09/2021 16:07
Վիգեն Խաչատրյանը հորդորում է Փաշինյանին ու Էրդողանին չհամեմատել «բեսեդկայում» «բլոտ» խաղացողների հետ ու վարչապետից անընդհատ հաշվետվություն չպահանջել
«Նման հարցերը նախապես չեն հրապարակում, այդտեղ գաղտնիության մասին խոսք չի գնում։ Այնպես չէ, որ պետության ղեկավարը պիտի հայտարարի՝ ես փորձում եմ էսպիսի բան անել։ Դրա կարիքը չկա։ Երկրորդը՝ ինչո՞ւ է Վրաստանի միջոցով արվում, եթե արվում է։ Ենթադրում եմ, որ նման մի դերակատարում ունի Վրաստանի վարչապետը։ Նորմալ եմ համարում, հարևան պետություն է։ Քանի որ մենք անմիջական դիվանագիտական հարաբերություններ չունենք, ինչ-որ մեկը պիտի մեր այդ ցանկությունն արտահայտեր»,- 24news.am-ին տված հարցազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահից հանդիպում խնդրելու Փաշինյանի նախաձեռնությանը։
Խաչատրյանը Թուրքիայի հետ երկխոսությունը, բոլոր դեպքերում, անխուսափելի անհրաժեշտություն է համարել։
«Պետք չէ կամակոր երեխայի պես սպասել, ասել՝ տեսնենք՝ ով կնախաձեռնի»,- ասել է նա։
Այնուհանդերձ, Հայաստանի վարչապետի առաջարկի մասին Թուրքիայի նախագահի բարձրաձայնումը ՔՊ խմբակցության պատգամավորը «մի քիչ ոչ կոռկետ վարքագիծ» է համարել, բայց չի համաձայնել, որ այդպիսով Էրդողանը չհրապարակված իրողություն է բացահայտել։
«Նա չի բացահայտել, դա բացահայտում չէ։ Գիտեք, երբ որ ասում են՝ գաղտնի, բացահայտել, բացահայտում, նշանակում է՝ ինչ-որ մի վատ բան է եղել, ինչ-որ մի թաքուն բան։ Էդպիսի բան չկա, ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ բացահայտեց։ Մենք պիտի բառերն ընտրենք խոսելուց։ Ի՞նչն է բացահայտում, այսինքն։ Ես ասում եմ՝ դիվանագիտական կոռեկտությունը պահանջում է, որ նման բաները չբարձրաձայնվեն, ոչ թե որ դա վատ բան է»,- պնդել է նա։
Հարցը՝ իսկ թե ինչո՞ւ մինչ այդ ինքը՝ Փաշինյանը հրապարակավ ու բացահայտ չի հայտնել իր նախաձեռնության մասին, Խաչատրյանը զարմանալի է համարել։
«Ասում եք՝ ժողովրդին տեղյակ պահեր, ի՞նչ ասեր ժողովրդին։ Կառավարության նիստում ասաց՝ տեսնում ենք ազդակներ Թուրքիայի կողմից, ողջունում ենք և համապատասխան քայլեր կանենք։ Էլ ի՞նչ ասեր։ Ասել է։ Հրապարակային է ասել։ Կառավարության նիստը ցուցադրվում է»,- նշել է նա։
Խաչատրյանը հորդորել է նաև վստահ չպնդել, թե Փաշինյանն Էրդողանին հանդիպման առաջարկ արել է։
«Ի՞նչ հանդիպման առաջարկ։ Իսկ Դուք վստա՞հ եք, որ հանդիպման առաջարկ է եղել։ Մենք ունենք պարզաբանում։ Վարչապետը՝ խորհրդարանում, խոսնակը՝ հարցազրույցով, ասացին, որ նման հանդիպումների մասին խոսակցությունը կայանում է այն ժամանակ, երբ աշխատանքային խմբեր են հանդիպում, որոշում են օրակարգը, տեղը, ժամը, և քանի որ նման աշխատանք դեռ չկա, խոսել հանդիպման մասին, բացառվում է։ Էլ ո՞նց ասի։ Դուք ի՞նչ եք ուզում, ուզում եք, որ վարչապետն ասի՝ ժողովուրդ, ես մտածում եմ, որ պետք է Վրաստանի վարչապետին դիմեմ, ասեմ, որ կազմակերպի հանդիպում Թուրքիայի հե՞տ։ Հիմարություն է, էդպիսի բան չի կարող լինել»,- պնդել է իշխանական պատգամավորը։
Խաչատրյանը խնդրել է նաև պետությունների ղեկավարներին չհամեմատել բակում «Բլոտ» խաղացողների հետ։
«Խոսքը չի գնում «բեսեդկայում» «բլոտ» խաղացողների մասին։ Խոսքը գնում է երկու պետության ղեկավարների մասին, որոնցից մեկը՝ մենք, անհամեմատ ավելի ենք շահագրգռված այս վիճակից դուրս գալու, քան Թուրքիան։ Էն պրոբլեմները, որ մենք ունենք, Թուրքիան չունի։ Էն ուժը, որ Թուրքիան ունի, մենք չունենք, բայց մենք ունենք պրոբլեմները լուծելու մեծ ցանկություն»,- ասել է նա։
«Հարատև խաղաղության» դիմաց Թուրքիայից մեզ պայմաններ թելադրելու մթնոլորտում Փաշինյանից անընդհատ հաշվետվություն պահանջելը Վիգեն Խաչատրյանն անտեղի է համարել։
«Եթե դուք այդ պայմաններում վարչապետից պահանջում եք, որ ամեն օր, ամեն քայլից հետո հայտարարի, որ ժողովուրդ, էսպիսի բան եմ անում, ծիծաղելի վիճակում եք դնում պետությանը։ Ինչի՞ մասին պիտի հաշվետվություն տա։ Իսկ մենք կարո՞ղ ենք ամեն մեկս էնպես անել, որ հարցերը լավ լուծվեն և օր ու գիշեր վարչապետին խորհուրդ չտանք՝ ինչ անի։ Խորհուրդ եք տալիս, ասում եք՝ թող հայտարարի։ Ի՞նչը հայտարարի», - ասել է ՔՊ խմբակցության անդամը։