24/09/2021 19:15
Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունները իշխանափոխության դեպքում պարզապես ոչ մի նշանակություն չէին ունենա․ Բաբկեն Հարությունյան
«Ժամանակին, երբ ասում էինք՝ եթե այս իշխանությունը գնա, նոր զիջումներ չեն լինի, ասում էին՝ միևնույն է, պատերազմում պարտվեցինք, ինչ տալու էր՝ տվեցինք։ Հիմա տեսնում եք, չէ՞, թե պատերազմից հետո ինչքան բաներ են տրվել ու շարունակում են տալ։ Իսկ ի՞նչ կաներ ընդդիմությունը, եթե իշխանության գար․ երբ Ալիևն ասեր, օրինակ՝ Նիկոլի հետ պայմանավորվել եմ, կասեր՝ գնա Նիկոլից էլ քո պայմանավորվածությունն ստացիր, Նիկոլն այլևս Հայաստանի վարչապետը չէ», - այսօր հրավիրված ասուլիսում ասել է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունները իշխանափոխության պարագայում պարզապես ոչ մի նշանակություն չէին ունենա, նոր իշխանությունն իր օրակարգով կշարժվեր։
«Բայց քանի որ եղավ այն, ինչ եղավ, հիմա երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իր ստանձնած պարտավորություններն ի կատար ածի։ Զիջումները շարունակվում են, ու թե մինչև ուր են շարունակվելու, դժվար է ասել»,- նշել է Բաբկեն Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ քաղաքացիներից ձայն ստացած իշխանությունը իրականում պարտավոր է ապահովել այդ քաղաքացիների անվտանգությունը, սակայն խորացող անվտանգային խնդիրները նոր մտահոգությունների տեղիք են տալիս։
«Երբ տեսնում ես այս իշխանությունների վարած քաղաքականությունը, ակնհայտ է դառնում, որ ամեն գնով ամեն զիջման պատրաստ են՝ միայն թե հարաբերությունները կարգավորեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ», - ասել է Հարությունյանը։