24/09/2021 16:12
2019 թվականին Փաշինյանի հայտարարությունը բազմազավակ ընտանիքներին ամսական 100 000 դրամ վճարելու մասին, հերթական սուտն է․ Պատգամավոր
Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը տեղեկացրեց, որ իրեն են դիմել «Ծնողական փառքի» մեդալ ստացած բազմազավակ մի խումբ ծնողներ՝ հայտնելով, որ դեռ 2 տարի առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրենք ամսական 100 000 դրամ պետք է ստանան, այս ընթացքում այդպես էլ իրականություն չի դարձել։
«Ծնողներն ամեն ամիս գնում են համապատասխան պատկան մարմիններ, բայց նրանց ամեն անգամ հետ են ուղարկում՝ ասելով, թե մյուս ամսվանից գումարը հաստատ կստանաք», - ասաց պատգամավորը։
Նա հայտնեց, որ խնդիրը պարզելու և հասկանալու համար, թե արդյոք բազմազավակ ծնողներին գումար չտրամադրելու խոչընդոտը միջին օղակում է ծագում, ուսումնասիրություն է արվել և պարզվել է իրականությունը։
«Իրականությունը շատ ավելի վատն է։ Պարզվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի հայտարարությունը, որ պետք է ամսական 100 000 դրամ վճարվեր բազմազավակ ընտանիքներին, «Ծնողական փառքի» մեդալ ստացած ծնողներին՝ իրենց կարիքները հոգալու համար, պարզապես եղել է հերթական սուտն ու կեղծիքը, որովհետև, ինչպես պաշտոնական պատասխանում է նշված, «ՀՀ պետական պարգևների և պատվո կոչումների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին 2020 թվականի ապրիլի 16-ի օրենքի նախագծով փոփոխություններ արվել են, սակայն՝ շրջանցելով այս հարցը։ Այսինքն, 2019 թվականի դեկտեմբերի խոստումը 2020 թվականի ապրիլին պետք է իրականացվեր, սակայն օրենքի փոփոխություններով՝ ուղղակի շրջանցել են այս հարցը, որպեսզի հետագայում տան հետևյալ պատասխանը․ նախագծի ընդունումը հետաձգվել է։ Այսինքն, ինչպես օրենքի փոփոխությունները, այնպես էլ դրա հիման վրա կառավարության որոշման ընդունումը ուղղակիորեն հետաձգվել է», - մանրամասնեց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ չնայած այս հանգամանքին, բազմազավակ ծնողներին շարունակում են ամեն ամիս խաբել՝ խոստանալով վճարել գումարը, նրանք էլ թյուրիմացաբար կարծում են, որ մեղքն, օրինակ, որևէ մի վարչության պետինն է կամ մեկ այլ անբարեխիղճ պաշտոնյայինը։
«Մինչդեռ սա պարզապես Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է։ Այսօր արդեն 2021 թվականի սեպտեմբերի 24-ն է, և այս մարդիկ դեռ շարունակում են սպասել ու հույս ունենալ, որ կառավարության որոշումը կամ օրենքի նախագիծը գոյություն ունի», - ասաց Աննա Մկրտչյանը։