24/09/2021 17:55
Մեր ամբողջ խոսակցությունը պետք է հետ տալ, անջատել, նորից խոսել․ Սանոսյանը՝ լրագրողներին
Այո, մեր տարածաշրջանում լուրջ ռիսկեր ու խնդիրներ կան, որոնք պետք է կառավարել, ինչն էլ փորձում է անել մեր դիվանագիտությունը, խորհրդարանում կայացած ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արվում առկա անվտանգային խնդիրների պարագայում՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման ռիսկերը կառավարելու համար։
Ռիսկերի կառավարումը դիվանագիտության խնդիրը համարելուց հետո Գնել Սանոսյանը Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի պատկանելության հարցը թողեց սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին։
«Ունենք ճանապարհ, որի երկու հատված վիճարկելի է, և այդ տեղամասն իրենց կողմն է, մեր կողմն է, սահմանի այս կողմն է, այն կողմն է և այլն, այդ հարցերի հիմնական պատասխանը կտա դեմարկացիայի, դելիմիտացիայի երևույթը», - ասաց նա։
Դիտարկմանը, որ ինքը հանրապետության բնակիչների շահերն է ներկայացնում, իսկ Սև լճի հատվածում թշնամու գործողությունների հետևանքով հարակից հայկական գյուղերի բնակիչները վտանգված են, նախարարը արձագանքեց․ «Այո»։ Հետո հիշեցրեց, որ ինքը ՏԿԵ նախարարն է, ոչ թե Պաշտպանության նախարարը։
«Ես Պաշտպանության նախարարը չեմ, ինչո՞ւ եք ուզում, որ ես մեկնաբանեմ այն, ինչը Պաշտպանության նախարարությունը պիտի որոշի՝ մեկնաբանի, թե չէ», - ասաց նա։
Սանոսյանը հավելեց, որ գործընկեր կառույցների հետ համագործակցում են։
«Մենք գործընկերների հետ տարբեր քննարկումներ ենք անում, հիմա տարբեր ճանապարհներ ենք կառուցում», - ասաց նա։
Սյունիքում առկա բազմաթիվ խնդիրների շուրջ մյուս հարցերին ի պատասխան՝ Սանոսյանը նշեց․ «Մեր այս ամբողջ խոսակցությունը պետք է հետ տալ, անջատել, նորից խոսել նրա մասին, ինչի մասին պետք է խոսեի»։
Նա ասաց, որ ԱԺ եկել էր՝ որպես ՏԿԵ նախարար համայնքների խոշորացման ծրագրի մասին խոսելու համար։