24/09/2021 12:06
Համայնքների միավորման, խոշորացման գործընթացը վերջում բերում է շատ լավ հանրային շահի․ Սանոսյան
Համայնքների խոշորացման գործընթացով 441 համայնք առաջարկվում է միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ, խորհրդարանում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «ՏԻՄ մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթի քննարկման շրջանակում ներկայացնելով համայնքների խոշորացման ծրագրի դետալները։
Նա հայտնեց, որ խոշորացմամբ մի շարք տարածքներում վերականգնելու են «սովետական շրջանների» ձևաչափը։
«Խոշորացման նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է», - ասաց Սանոսյանը և ընդգծեց, որ հանրային շահը գործընթացում հաշվի են առել․ հանրության համար համայնքներում դպրոցներ, մանկապարտեզներ կկառուցվեն։
«Միավորման, խոշորացման գործընթացը վերջում բերում է շատ լավ հանրային շահի հաշվի առնման մի պարզ պատճառով. երբ որ համայնքում մանկապարտեզ է կառուցվում, ճանապարհ, խմելու ջուր կամ այլ ենթակառուցվածք է փոխվում, կարծում եմ, դրանից ամենաշատը շահում է այդ համայնքի հանրությունը», - ասաց նա։
Սանոսյանը նշեց, որ կլինեն նաև բնակավայրեր, որոնք խոշորացված համայնքի ավագանիում անդամներ չեն ունենա։
«Չգիտես ինչու՝ մեզ թվում է, որ եթե որևէ բնակավայրից ավագանու անդամ չեղավ, ապա այնտեղ հավաքված մյուս համայնքների ներկայացուցիչներն այնքան վատն են լինելու, որ այն համայնքում, որտեղ ավագանու ներկայացուցիչ չկա, ոչինչ չեն անելու։ Ես կարծում եմ՝ այդպիսի բան չի լինի», - նշեց ՏԵԿ նախարարը։
Արձագանքելով քննադատություններին, թե հետպատերազմյան շրջանում նպատակահարմար չէ սահմանամերձ համայնքների խոշորացումը, Սանոսյանն ասաց․ «Պատերազմը ցույց տվեց՝ մենք բազմաթիվ խոշորացված համայնքներ ունենք, որոնք պատերազմից առաջ խոշորացված էին և պատերազմի ժամանակ իրենց շատ լավ դրսևորել են»։
Որպես Գեղարքունիքի նախկին մարզպետ՝ նա օրինակ բերեց Ճամբարակ և Շողակաթ համայնքները։