24/09/2021 13:48
Դավթյանն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ սեղանի շուրջ հանգիստ նստելու փոխարեն պետք է հայտարարեր՝ ձերբակալում է ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներին․ պատգամավոր
Երբ երեկ տեսա այդ լուսանկարը, երբ Արթուր Դավթյանը նստած է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, այնպիսի տարօրինակ զգացումներ առաջացան, որովհետև կարծում եմ, որ այդ ժամանակ այդ սեղանի շուրջ նստած պետք է խոսվեր մի բանի մասին․ որ ՀՀ գլխավոր դատախազը կայացրել է որոշում՝ ձերբակալելու բոլոր այն մարդկանց, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում։ Եվ պետք է խոսելուց լիներ այն մասին, թե ենթադրենք, երբ մեր բոլոր ռազմագերիներն արդեն վերադարձած լինեն, միգուցե ՀՀ գլխավոր դատախազը փոխի իր որոշումը՝ Հայաստանում գտնվող ադրբեջանցիների ձերբակալման մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նուր-Սուլթանում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների երեկվա հանդիպմանը, որին ներկա էր նաև ՌԴ գլխավոր դատախազը։
Վարդևանյանն ընդգծեց, որ ՀՀ ՄԻՊ-ը այնպիսի տվյալներ էր հրապարակել Բաքվում հայ ռազմագերիների պահման պայմանների մասին, որ դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ հանգիստ նստած զրուցելը առնվազն հակասական զգացումներ է արթնացնում։
«ՄԻՊ-ը այդպիսի տվյալներ էր ներկայացրել, և դանակով Արցախի դրոշը խազելուց հետո հանգիստ մթնոլորտում հանգիստ նստել ու խոսել․․․ Միգուցե իմ այս պատկերացումը հիմա այնքան էլ պոպուլյար չէ ներկայացնել հասարակությանը, բայց ես վստահ եմ, որ հասարակությունում այդպիսի պարտվողական տրամադրությունները սակավաթիվ են», - ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց նաև, որ Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող և Գորիս-Կապան ճանապարհին անօրինական գործողություններ կատարող ադրբեջանցիներին ձերբակալելու համար Հայաստանի գլխավոր դատախազ Դավթյանը բոլոր հիմքերն ու նախադրյալներն ունի։
«Մենք ունենք իրավիճակ, որ ՀՀ սահմաններից ներս ապօրինաբար գտնվում են ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներ։ Նույն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսում է, չէ՞, դրա մասին, որ ՀՀ տարածքում ապօրինաբար գտնվում են ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացուցիչներ։ Բա գլխավոր դատախազը ո՞նց որոշում չի կայացնում նրանց ձերբակալելու մասին։ Ի դեպ, քրեական գործ հարուցվել է։ Հանրային ճնշման արդյունքում գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական գործ հարուցվել է։ Բայց ինչպե՞ս քրեական գործ հարուցելուն չի հաջորդում ձերբակալումը։ Թե՞ պարտադիր պետք է քաղաքական ընդդիմադիր հայացքներով գործիչ լինի, որ ձերբակալումը, կալանավորումը պարտադիր լինի», - նշեց պատգամավորը։