24/09/2021 11:46
Զոհված զինծառայողների երեխաներն ամառային ճամբարներ տեղափոխվել են բարձրակարգ ավտոբուսներով. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը վերաբաշխում կատարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեում և 1,259.8 հազար դրամ հատկացրեց «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառմանը, որով ապահովվում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, թե հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 23-ը 2300 երեխա ժամանակն անցկացրել է վեց տարբեր ճամբարում:
«Խնդիրը նրանում չի, որ երեխաները ճամբարում օրեր անցկացնեն ու վերադառնան իրենց տները, այլ պետք է բովանդակություն լինի, այդ թվում, կրթական, մշակութային: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ամենը եղել է, եղել են հանրամատչելի միջոցառումներ, եղել են առողջ ապրելակերպին նվիրված տարբեր միջոցառումներ», - ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե երեխաներին տեղափոխել են բարձրակարգ ավտոբուսներով:
Նրա խոսքով՝ այս ծրագիրը հաստատելուց առաջ երկար քննարկում են ունեցել, որ զոհված զինվորների, հաշմանդամություն ստացած զինվորների երեխաների համար, երբ պետական ծրագիր է իրականացվում, պետք է ամեն ինչ արվի հնարավորինս ամենաբարձր մակարդակի: