24/09/2021 09:43
«Ժողովուրդ». Գրիշա Ամիրխանյանը այս ու այն կողմ էր շպրտում խաղողագործներին. իշխանությունները համարեցին խիզախ ու ավանդ ներդրած ոստիկանապետ ու պարգևի արժանացրին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել պատվավոր կոչումներ:
Պարգև ստացած անձանցից մեկը Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանն է: Նա պարգևի արժանացավ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար:
Հարց է առաջանում՝ ի՞նչ խիզախություն էր ցուցաբերել բոլորին հայտնի Գրիգոր Ամիրխանյանը կամ նույն ինքը Գեբելսը: Նա այն ոստիկանապետն էր, որ օրերս Արմավիրի մարզում հրահանգեց ոստիկաններին քաշքշել, հարվածել խաղողագործներին, որոնք իրենց խնդիրները բարձրաձայնելու համար ճանապարհ էին փակել:
Ի դեպ, Գրիշա Ամիրխանյանը հենց ինքն էր գնացել դեպքի վայր ու այս ու այն կողմ էր շպրտում խաղողագործներին: Ահա, իշխանությունները Գրիգոր Ամրխանյանին համարեցին խիզախ ու ավանդ ներդրած ոստիկանապետ ու պարգևի արժանացրին:
Ի դեպ, նույն Գրիգոր Ամիրխանյանը տարիներ առաջ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չէր տվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Շանթ Հարությունյանի հետ:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գրիշա Ամիրխանյանը, որն առավել հայտնի է Գեբելս անունով, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ ազատվել էր պաշտոնից այն բանից հետո, երբ նա մասնակցել էր քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի ծննդյան խնջույքին։ Ամիրխանյանը համակարգ է վերադարձել 2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո»։