25/09/2021 13:13
Փաշինյանը վիրավորանքի քրեականացումն իր ձեռքին դագանակ է դարձրել․ իրավապաշտպան
Ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմելու գործիքակազմից հնարավորինս հետևողականորեն փորձում են օգտվել։ Այս ընթացքում ՍԴ-ին 6 դիմում է ներկայացվել, խորհդարանում անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Քննարկումը կազմակերպել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ վեր հանելու սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերն ու Սահմանադրական դատարանում վիճարկելու հիմքերը։
Արամ Վարդևանյանը նշեց, որ հանրության շահերին մեծապես առնչվող խնդիրներից մեկի՝ պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանի գործողությունը կասեցնելու պահանջով դիմումը ևս արդեն ՍԴ-ում է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանն անդրադարձավ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու համար քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացի իրավաչափությանը՝ նշելով, որ արդեն կան հարուցված քրեական գործեր։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հիմքերը ընդդիմադիր խմբակցությունները ևս դիտարկում են։
«Ակնհայտ է, որ իշխանական աթոռներին այսօր նստած անձինք իրենց փոքրիշատե դուրեկան ցանկացած միտք կարողանում են անցկացնել իրավական ձևական բոլոր ընթացակարգերով և դարձնել օրենք, որը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնում և՛ պրակտիկ կիրառման տեսանկյունից, և՛ ՀՀ քաղաքացիների իրավունքների և ազատությունների տեսանկյունից», - ասաց նա։
Պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հիշեցրեց, որ նախկին իշխանությունները ժամանակին ապաքրեականացրել էին վիրավորանքն ու զրպարտությունը. «Նոր իշխանությունների օրոք, սակայն, վերադառնում ենք վիրավորանքի քրեականացման դաշտ»։
Քննարկմանը ներկա իրավապաշտպաններից Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանն էր պայքարում այդ խնդրի դեմ, իսկ այժմ, քրեականացնելով վիրավորանքը, այն իր ձեռքին դարձրել է դագանակ։
«Ինչ վերաբերվում է ծանր վիրավորանք կոչված նոր հանցակազմին, ապա իրավական տեսանկյունից դժվար է բանավիճելը, որ մենք այստեղ ունենք հետընթաց և հակասահմանադրական իրավիճակ։ Առաջարկում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ ներկայացվելիք դիմումում ներառեն նաև այն փաստաթղթերը, որոնք ընդունված են եղել Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցության ժամանակ, երբ դա եղել է պարտավորություն։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այն ժամանակ նույնպես քրեական հետապնդման էր ենթարկվում վիրավորանքի համար։ Սրանք փաստարկներ են, որոնք այս ինստիտուտի ոչ միայն իրավական, այլև բարոյական կողմն են կասկածի տակ դնում, որովհետև մի բան, որի դեմ դու պայքարել ես, այժմ բերում, դարձնում ես դագանակ», - նշեց իրավապաշտպանը։