25/09/2021 11:44
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս պահին ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության և ՌԴ ՊՆ պատվիրակության հանդիպումը: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը, այս մասին հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն։
Կայքը հիշեցնում է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար էր նշանակվել Ռուստամ Մուրադովը։ Վերջերս նա ավարտեց իր առաքելությունը, որից հետո այդ պաշտոնում նրան կարճ ժամանակով փոխարինեց գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Այժմ էստաֆետը փոխանցվում է Գենադի Անաշկինին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ավելի քան երկու շաբաթ առաջ, մեկնում է ծառայության հիմնական վայր։ Հիշեցնենք, որ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ: