25/09/2021 15:26
Այս իշխանություններն ունենալո՞ւ են կամք՝ իրենց ցանկալի անձանց նկատմամբ կիրառելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը․ պատգամավոր
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նախագծերի փաթեթն ընդունվեց հապշտապ՝ առանց հաշվի առնելու մի շարք առանձնահատկություններ։ Ուսումնասիրությունների ժամանակահատվածը, որը վերցվել է այդ օրենքի համար, սկսվում է 1991 թվականից, մինչդեռ ՀՀ-ում կադաստրային միասնական համակարգը ներդրվել է 1997 թվականից, իրավական ակտերի սահմանադրականության խնդրի շուրջ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած քննարկմանը կարծիք հայտնեց իրավաբան Վահե Գրիգորյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ, այսպիսով, այն անձինք, որոնք մինչև 1997 թվականն են գույք ունեցել, կարող են հեշտությամբ թիրախավորվել։
«Այսինքն, եթե անձինք 1997 թվականից սկսած են միայն հնարավորություն ունեցել իրենց գույքը կադաստրային համակարգում գրանցել և մինչև այդ ունեցել են որոշակի գույք, փաստորեն, կարող են ընկնել պետական մահակի հարվածի տակ։ Այստեղ իրականում կա հակասահմանադրականության լուրջ խնդիր, էլ չեմ խոսում կատարված արարքի վաղեմության ժամկետի մասին», - նշեց իրավաբանը։
Օրենքով առաջացող խնդիրներին անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Նա ընդգծեց, որ ոչ ոք չի վիճարկում ապօրինի գույքի բռնագանձման անհրաժեշտությունը, սակայն գործընթացը, Վարդևանյանի խոսքով, պետք է օրինական լինի։
«Նման փորձ ժամանակին Վրաստանում ևս արվեց, այնուհետև եղան ՄԻԵԴ վճիռներ, և հարց է առաջանում, թե որքան էին ապօրինի գույք բռնագանձել ու որքան վճարեցին՝ ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցումների համար, և որն էր համաչափության տեսանկյունից ավելի արդյունավետ», - ասաց նա։
Վարդևանյանը խոսեց նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համահավասար կիրառման խնդրից։
«Արդյոք այս իշխանություններն ունենալու են կամք՝ իրենց համար ցանկալի, հաճելի կամ իրենց հետ այլ հարաբերություններ ունեցող անձանց նկատմամբ, որոնք ևս կարող են կասկածվել՝ ապօրինի գույք ունենալու օրենքի կարգավորման տիրույթում, կիրառել այդ վարույթը։ Առնվազն կասկածներ կարո՞ղ ենք ունենալ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ կարող ենք ունենալ», - ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ նաև իշխանությունների խոստմանը, թե ապօրինի գույքը վերադարձվելու է հանրությանը։
«Բայց օրենքում գրված է, որ այդ ապօրինի գույքը վերադարձվում է պետբյուջե։ Պետբյուջեն ու ժողովուրդը նույն հասցեատերերը չեն։ Պետբյուջեն նաև այն աղբյուրներից է, որը սպասարկում է պետական տարբեր ծախսեր, նաև շատ քննարկված պարգևավճարները և այլն։ Ժողովրդին վերադարձի մեխանիզմը լրիվ այլ է», - ասաց նա։