25/09/2021 15:43
Երբ ԱԳՆ-ն կներկայացնի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, այդ ժամանակ էլ եկեք քննարկենք, թե ինչ կարելի է սպասել Միրզոյան-Բայրամով հանդիպումից. Թևան Պողոսյան
Միրզոյան-Բայրամով հանդիպումից ոչ մի բան չպետք է ակնկալել։ 30 տարին դաս չեղա՞վ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից հետո ոչ մի բան տեղի չի ունենում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ հատկանշական համարելով, որ ՀՀ արտգործնախարարությունը նույնիսկ հարկ չի համարել հայ հասարակությանը տեղյակ պահել այդ հանդիպման մասին։
«Փաստորեն, պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից տեղեկանանք, որ մեր արտգործնախարարը հանդիպում է ունեցել։ Ի՞նչ ասեմ։ Դուք երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանն այսքան ժամանակ իր դիրքորոշումը հայտնած լինի, թե ինչ է ուզում։ Ես չեմ լսել։ Ուրեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ընդունենք պարզապես մի հանդիպման մասին հայտարարություն։ Միրզոյանն ու Բայրամովը պարզապես հանդիպել են, իրար ճանաչել են. կյանքում առաջին անգամ են հանդիպում։
Այս տեսակ հանդիպումներով աշխարհն է ուրախանում, ԵԱՀԿ Մինսկի խումբն է երջանկանում, որ հակառակորդ երկրների պաշտոնյաները հանդիպում են, իրենք էլ ցույց են տալիս, որ աշխատանք են կատարում։ Բայց ինձ դա չի հետաքրքրում. ինձ հետաքրքրում է այն, թե ինչ ենք անում մենք՝ մեր շահերն առաջ տանելու համար», - ասաց Թևան Պողոսյանը։
Նրա համոզմամբ, Միացյալ նահանգներն առաջ է տանում իր, Ռուսաստանը և Ֆրանիան՝ համապատասխանաբար իրենց շահերը, իսկ ահա Հայաստանն այդպես էլ չի կարողանում առաջ մղել սեփական շահը։
«30 տարին ցույց է տվել, որ այդ հանդիպումներում չկա որևէ բան, մինչև չկա իրական գործողություն։ Երբ ՀՀ արտգործնախարարությունը օրենքի նախագիծ կպատրաստի, կառավարություն կներկայացնի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը կամ կբարձրացնի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիայի խնդիրը, այդ ժամանակ էլ եկեք քննարկենք, թե ինչ կարելի է սպասել երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից», - նշեց քաղաքագետը։
Զրույցի վերջում Միրզոյան-Բայրամով հանդիպման ֆոնին Թևան Պողոսյանն առաջարկեց համեմատել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ելույթները։ Նիկոլ Փաշինյանի ելույթը մեր զրուցակիցն անատամ որակեց։