25/09/2021 14:18
Չպետք է առանց բանակցելու և սեփական շահն առաջ տանելու հնազանդվենք արտաքին մարտահրավերներին կամ նույնիսկ գեոպոլիտիկ խաղացողներին․ Մեհրաբյան
«Չեմ ուզում կիսել այն պարտվողական հոգեբանությունը, որ մենք՝ որպես պարտված կողմ, ցանկացած հարցում պետք է այնքան տկարամիտ լինենք, որ առանց բանակցելու, առանց սեփական շահն առաջ տանելու որոշենք, որ պետք է հնազանդվենք արտաքին մարտահրավերներին կամ նույնիսկ գեոպոլիտիկ խաղացողներին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Նարինե Մեհրաբյանը։
Նա շեշտել է ապաշրջափակման ու անվտանգային ռիսկերը ճիշտ հաշվարկելու, սեփական երկրի համար երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտությունը։
«Խաղաղության մասին խոսել այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 5000 հայորդի սպանվել է թուրքական յաթաղանից, անհնար է: Բոլոր պատերազմներն են մի օր ավարտվում, և ես չեմ հավատում, որ լինի Հայաստանում մի հայ, որ չուզենա՝ Հայաստանն ապաշրջափակված լինի, որ չուզենա՝ Հայաստանը շատ լուրջ հնարավորություններ ունենա, բայց այս պահին նման քաղաքականություն վարելու դեպքում, երբ մենք Հայաստանը չենք պատրաստել այդ սահմանների բացմանը, երբ չունենք այնպիսի տնտեսական երաշխիքներ, որ սահմանները բացելուց հետո թուրքական կապիտալի լրջագույն ներհոսք չի լինի Հայաստան, որի արդյունքում Հայաստանը ոչ թե կզարգանա, այլ կդառնա թուրքական վիլայեթ, սխալ է», - ասել է Մեհրաբյանը։
Բանակցային բարձր դիրքերից հանդես գալու հնարավորությունը, ըստ նրա, պետք է լավագույնս օգտագործվի։
«Սյունիքը թուրքական աշխարհի համար խոչընդոտ է, որպեսզի պանթուրքիզմի գաղափարը կյանքի կոչվի, այսինքն՝ դա այն մեկնարկային կետն է, որը մեզ սուվերենության չափաբաժին է ընձեռում, մենք կարողանում ենք բանակցել բարձր դիրքերից, որովհետև այս դեպքում իրենք կախում ունենք մեզնից, ոչ թե մենք՝ իրենցից: Իսկ ամբողջությամբ տալով մեր բոլոր խաղաքարտերը՝ այլևս ի զորու չենք լինելու մեր պետական շահը պաշտպանել և առաջ մղել», - ընդգծել է Նարինե Մեհրաբյանը։