25/09/2021 16:02
Եթե հանրապետության նախագահն այդ ապօրինության վրա ևս աչք փակի, մենք դիմում կներկայացնենք ՍԴ․ Վարդևանյանը՝ համայնքների խոշորացման մասին
Համայնքների խոշորացման վերաբերյալ ծավալուն, պատասխանատու, լուրջ օրենսդրական փաթեթը մի քանի ժամվա ընթացքում ընդունվեց։ Դա ԱԺ հեղինակության տեսանկյունից ծայրահեղ բացասական երևույթ է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Հիմա հանրապետության նախագահը պետք է որոշի՝ ստորագրե՞լ այդ օրենքը, թե՞ դիմել ՍԴ։ Քանի որ այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է, կարծում եմ՝ այլ տարբերակ, քան ՍԴ դիմելն է, հանրապետության նախագահի կողմից, ուղղակի չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ 3 ամիս առաջ ընդունված ՍԴ որոշմամբ ասվում է, թե համայնքների խոշորացումն ինչ սկզբունքով է պետք իրականացնել։
«Ասվում է, որ համայնքների խոշորացումն ունի կոնկրետ ձև և բովանդակություն, թե ինչպես պետք է իրականացվի։ Տեղական լսումներ պետք է լինեն, տեղական հանրաքվե պետք է անցկացվի՝ կառավարության բյուջետային միջոցների հաշվին։ Դրանցից որևէ մեկը տեսե՞լ եք։ Չեք տեսել, որովհետև չեն արել», - ասաց պատգամավորը։
ԱԺ-ում օրեր առաջ մի քանի համայնքի ղեկավարների հետ քննարկումը իշխանության ներկայացուցիչների կողմից որպես լսումներ ներկայացնելը Վարդևանյանն արժանահավատ չհամարեց։
«Եթե դրանք լսումներ են, ուրեմն իրենք ընդհանրապես չգիտեն՝ լսումներն ինչ է։ ՍԴ-ն էլ չի ասել, որ դա է լսումները։ Ավելի խոշոր համայնքների դեպքում ՍԴ-ն ասել է՝ տեղական հանրաքվե արեք», - ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև, որ եթե հանրապետության նախագահը դիմում չներկայացնի ՍԴ, ապա դա կանեն իրենք։
«Դրան էլ ենք պատրաստ, որ եթե հանրապետության նախագահն այդ ապօրինության վրա ևս աչք փակի, ապա մեր կողմից է դիմում ներկայացվելու ՍԴ։ Բայց քանի որ այս օրենսդրական փաթեթը ՍԴ որոշումը այդպես կոպտորեն խախտվելով բերվեց ԱԺ, դա, ի վերջո, հանցանք է։ ՍԴ որոշումները նրա համար են, որ խստորեն պահպանվեն, ոչ թե խստորեն խախտվեն։ Իսկ խախտվելու դեպքում լինելու են քրեական հետապնդումներ։ Ի վերջո, ԱԺ-ի երեկվա նիստի սղագրության մեջ այդ բառերը ֆիքսված են՝ դուք ապօրինություն եք անում», - ընդծեց Արամ Վարդևանյանը։