27/09/2021 16:27
Նոյեմբերի 10-ից հետո իշխանության չհեռանալը դավաճանություն է ազգայինի հանդեպ․ Թևան Պողոսյան
«Այո, ցանկացած պատերազմ պլանավորվում է, օդից չի ընկնում։ Բայց հարցն այն է, թե ով է պլանավորում։ Ադրբեջանը գաղտնի չի էլ պահել, որ պլանավորում է։ Հարցն այն է, թե մենք ինքներս պլանավորված պատրաստվե՞լ ենք։ Մենք, իրականում, պլանավորում էինք պաշտպանե՞լ, թե՞ պլանավորում էինք ուզում եք՝ հանձնել անվանեք, ուզում եք՝ պարտվել»,- «Անավարտ պատերազմ» խորագրով կլոր սեղան-քննարկմանն ասաց փորձագետ Թևան Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ եթե նույնիսկ պատերազմում պարտությունը իշխանության միայն սխալ ու վատ կառավարման պատճառով է եղել և չի եղել դավաճանություն, ապա պատերազմի աղետալի հետևանքներից հետո իշխող թիմի չհեռանալը հստակ եզրահանգման է բերում։
«Եթե դու եղել ես վատ կառավարիչ, եթե հիմնվել ես սխալ հաշվարկների վրա, եթե ունեցել ես արժեքներ, որոնք ինչ-որ կերպ կարելի է ընդունել, որ դավաճանական մոտեցում չեն, ապա նոյեմբերի 10-ից հետո, տեսնելով, թե ինչի է բերել քո քաղաքականությունն ու քո չհեռանալը, այ դա է դավաճանությունն ազգայինի հանդեպ»,- ասաց փորձագետը։
Աշխարհաքաղաքական խաղացողների հաշվարկները՝ առնչվող տարածաշրջանում փոփոխություններին, Թևան Պողոսյանի խոսքով, իրագործվել են 2018 թվականին Հայաստանում իշխանության եկած թիմին ուղղորդելով, նրանք էլ իրենց հերթին ուղղորդվել են։
«Աշխարհն, այո, շատ հեշտությամբ ծրագրավորել է 2018 թվականից մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում եղած փոփոխություններին եկած թիմին, և եթե նույնիսկ նրանք (Փաշինյանի իշխանությունը-խմբ․) գիտակցաբար էլ չեն գնացել դրան, նրանց ուղղորդել են՝ շատ սիրուն ձևով, և այստեղ աշխարհում շատերը պարզապես իրենց հաշվարկների, իրենց խնդիրները լուծելու հարցերն են առաջ տարել»,- նշեց փորձագետը։