27/09/2021 13:49
Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ընդունելու դեպքում Հայաստանը կվերածվի Աջարիայի․ ազատամարտիկ
Մեկ տարի առաջ էլ ճիշտ բաներ իմացողները մնացել են նույն մարդիկ, իսկ այն մարդիկ, ովքեր ոչ մի դաս քաղող չեն, դաս չեն քաղել, Եռաբլուրում, tert.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել ազատամարտիկ Շահե Աճեմյանը։
Ըստ նրա՝ գործող իշխանությունները ոչ միայն դասեր չեն քաղել 44-օրյա պատերազմից, այլև «խաղաղության օրակարգով» գնում են դեպի Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում։
«Թուրքիան միշտ է ուզել, որ Հայոց ցեղասպանության հարցը փակվի։ Հայաստանի անկախությունից ի վեր, 30 տարի է՝ Թուրքիայի և իր դաշնակիցների նպատակն այն է, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ինչը կնշանակի շիրմաքար դնել Արևմտյան Հայաստանի վրա և հրաժարվել պահանջատիրության՝ հայերի իրավունքից։ Նկատի ունենալով, որ այսօրվա ապազգային իշխանությունը Արցախն էլ է տվել, Հայաստանի սահմաններն էլ չի կարողանում պահել, տալիս է բարձունքներ, գյուղեր է ուզում տալ, Փաշինյանի համար ի՞նչ տարբերություն», - ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ընդունելու դեպքում Հայաստանն, ազատամարտիկի խոսքով, կվերածվի Աջարիայի։
«Հայաստանում մի քանի միլիարդի ներդրում կանեն, ու Հայաստանը կդառնա իրենց մի նահանգը, ինչպես ամբողջ Աջարիան են վերցրել։ Վրացիներն էլ են փոշմանել, որ թուրքերի հետ նման հարաբերություններ ունեն», - ասել է Շահե Աճեմյանը։
«Արդյոք աշխարհի 10 միլիոն հայությունն ընդունելու՞ է, որ Հայաստանը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչի և վերջ տա Հայ դատին և պահանջատիրությանը։ Չի՛ ընդունելու», - ընդգծել է նա։