27/09/2021 18:05
Խաղաղության մասին Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները տրամագծորեն տարբեր են, նոր պատերազմ կարող է սկսվել ամեն վայրկյան. Փորձագետ
44-օրյա պատերազմը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված երկարատև հեռանկարում որևէ խնդիր չի լուծել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը։
«Հակառակը, մարտահրավերները, ռիսկերն ու սպառնալիքներն ավելացել են։ Այսօր ամենաընդգծված մարտահրավերն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն խաղաղության մասին տրամագծորեն տարբեր պատկերացումներ։ Սա նշաակում է, որ բավական դժվար և երկարատև աշխատանք է սպասվում, որը կարող է սպասարկվել միայն խիստ իրատեսական արտաքին քաղաքականության, ինչպես նաև ազգային անվտանգության քաղաքականություն մշակելու պարագայում՝ որոշ դեպքերում անգամ ագրեսիվ դիվանագիտություն վարելու դեպքում», - նշեց Արմինե Մարգարյանը։
Ռազմաքաղաքական փորձագետը շեշտեց՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական սպառնալիքները՝ նոր պատերազմ կարող է սկսվել ամեն վայրկյան։
«Եթե Ալիևը չստանա այն, ինչ ուզում է, ցանկացած պահի կարող է նոր պատերազմ սկսվել։ Այն սադրանքը, որն Ադրբեջանը սանձազերծեց մայիսի 12-ին՝ մուտք գործելով ՀՀ սուվերեն տարածք, հենց այդ նպատակն է հետապնդում», - ասաց Արմնե Մարգարյանը։