27/09/2021 16:35
Հաղթող կողմն ուժեղի իրավունքով ցանկացած պահի կարող է իրեն իրավունք վերապահել պատերազմական նոր գործողություններ սադրել. Հայկ Նահապետյան
Քանի դեռ պատերազմում պարտություն կրած Հայաստանին նետվում են նոր մարտահրավերներ, քանի դեռ երկու պետությունների միջև չի կնքվել խաղաղության պայմանագիր և չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ, հաղթող կողմն ուժեղի իրավունքով ցանկացած պահի կարող է իրեն իրավունք վերապահել պատերազմական նոր գործողություններ սադրել և նորանոր տարածքներ նվաճել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Մեր տարածաշրջանի այն մասը, որտեղ հատվում են մի կողմից Արևմուտքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, Սյունիքին է՝ հաշվի առնելով, որ այն ճանապարհ է տալու՝ աշխարհագրորեն մասնատված թյուրքական աշխարհները միմյանց կապելու», - ասաց նա։
Հայկ Նահապետյանի հիշեցրեց՝ Ադրբեջանի ակնկալած «Զանգեզուրի միջանցքը» միջազգային հատուկ կարգավիճակ ունեցող տարածք է, որտեղ ադրբեջացիները կարող են ընդհուպ որոշակի ներկայացվածություն ունենալ։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։