27/09/2021 16:48
Հազարավոր տղաների կորցրինք, որ այսօր թուրքի հետ խաղաղ ապրե՞նք․ զոհված զինծառայողի հայր
«Թուրքը մեր դիմացն է, բայց մեր «վեջը» չէ։ Ա՛յ, էդպես են կռվել մեր տղաները», - Եռաբլուրում Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է զոհված զինվորներից մեկի հայրը, ում որդին ծառայել է Հադրութում ու զոհվել հոկտեմբերի 9-ին։
Զոհված զինծառայողի հայրը ցավով նշել է, որ պատերազմից մեկ տարի անց էլ հասարակությունը դասեր չի քաղել տեղի ունեցածից․ ապրում է այնպես, ինչպես պատերազմից առաջ էր ապրում՝ չգիտակցելով, որ այսօր էլ զինծառայողներ են զոհվում։
«Մեր հասարակությունը չգիտակցեց՝ սա ինչ ցավ էր, ինչ դաժան ապտակ կերանք մենք», - ասել է նա։
«Ինչո՞ւ սկսվեց պատերազմը» հարցը, զոհվածի հոր խոսքով, պետք է տալ կառավարությանը, բայց կառավարություն էլ չունենք։
«Չունենք։ Բառիս բուն իմաստով՝ ո՛չ կառավարություն ունենք, ո՛չ ՊՆ ունենք, ո՛չ Գլխավոր շտաբ ունենք, ոչինչ չունենք։ Այս տղաներն իրենց ոգու, իրենց ուժի հաշվին են կռվել։ Բոլորն, ում թվարկեցի, դավաճանել են էս հերոս տղերքին», - ասել է զոհվածի ծնողը՝ շեշտելով, որ մինչև այսօր իրական պատասխանատվություն կրողներ՝ պատերազմում բացթողումների, հազարավոր զոհերի ու պարտության համար, չկան։
«Հետ գնանք, պատմությամբ գանք․ մենք ե՞րբ ենք թուրքի հետ խաղաղ ապրել», - հարց է ուղղել զոհված զինծառայողի հայրը՝ արձագանքելով թշնամի երկրների հետ խաղաղություն հաստատելու՝ Հայաստանի իշխանության կոչերին։
«Ո՞նց կարելի է վստահել այդ արնախումներին, նրանց հետ խաղաղ ապրել։ Բացառվում է դա։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մենք մի օր կարող ենք թուրքի հետ խաղաղ ապրել։ Ինչի՞ հաշվին խաղաղ ապրենք։ Հազարավոր տղաների կորցրեցինք, որ այսօր թուրքի հետ խաղաղ ապրե՞նք», - ասել է նա։
44-օրյա պատերազմում ընկած զինվորի հայրը հասարակությանը հորդորել է մի փոքր ավելի զգոն լինել ու սթափ դատել, չապրել բաժակաճառերով։