27/09/2021 09:46
Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:
44-օրյա պատերազմի տարելիցի օրը՝ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտից, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, քաղաքացիներն ու պաշտոնյաները այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի ընկած հերոսների հիշատակին։
Եռաբլուր էր այցելել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Վերադառնալիս նա չպատասխանեց լրագրողների հարցերին, ասաց, որ օրվա խորհուրդից ելնելով՝ չի խոսի։
Նույն նախադասությունը նա կրկնեց, երբ լրագրողներն ի պատասխան նշեցին, որ օրվա խորհուրդը Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի հետևանքներն են։
Լրագրողները Արմեն Գրիգորյանից ցանկանում էին իմանալ նաև նրա կարծիքը, թե պատերազմից մեկ տարի անց դասեր քաղվե՞լ են և Փաշինյանի ու Էրդողանի միջև փոխանակվող «դրական ազդակներն» ի՞նչ բովանդակություն ունեն։