27/09/2021 15:42
Այս մեկ տարին ՀՀ իշխանության համար դասեր քաղելու ժամանակահատված չէր, և թուրք-ադրբեջանական տանդեմից եկող սպառնալիքները նույնն են, ինչ պատերազմից առաջ. փորձագետ
44-օրյա պատերազմին հետևած մեկ տարին, ցավոք, ՀՀ իշխանության համար դասեր քաղելու ժամանակահատված չի եղել, և թուրք-ադրբեջանական տանդեմից եկող սպառնալիքները նույնն են մնացել, ինչ պատերազմից առաջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
«Մենք ավելի ենք թուլացել, հետևաբար սպառնալիքներն ավելի են մեծացել։ Թուրք-ադրբեջանական կողմը, իր հաղթնակից ոգևորված, արդեն լուրջ հավակնություններ է ներկայացնում ընդհուպ Սյունիքի նկատմամբ՝ սպառնալով Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին», - ասաց մեր զրուցակիցը։
Մհեր Հակոբյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում պետության կողմից չի արվել գեթ մեկ քայլ, որից հասկանալի կլինի, որ պատերազմից հետո համապատասխան հետևություններ են արվել։
«Մարտավարական մակարդակում ինչ-որ բաներ արվում են, բայց առավել լուրջ հարթությունում, ցավոք, ոչ», - ասաց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։