28/09/2021 19:37
Ալիևի հայտարարությունը ՀՀ ներքին գործերին միջամտելու լկտի փորձ է. Գրիգորի Այվազյան
Երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն, դա կարելի է բնութագրել որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու լկտի փորձ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում աաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
«Բաքվի բռնապետի նման հայտարարությունը լկտիություն է, մանավանդ, Հայաստանում թեժ ներքաղաքական իրավիճակում։ Նման հայտարարությունը նպատակ ունի էլ ավելի ապակայունացնելու հայաստանյան ներքաղաքական կյանքը։ Սա դեռ բանավոր խոսք է. տեսեք, թե ինչպես է ադրբեջանական զորքը դիրքերը տեղաշարժում։ Մի՞թե պարզ չէ, որ սա նրա ծրագրի մի մասն է»,- ասաց Գրիգորի Այվազյանը։
Ադրբեջանագետը հակադրեց ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ելույթները՝ նկատելով, որ հակառակորդ երկրի ղեկավարի ագրեսիվ հռետորաբանությանը Փաշինյանը պատասխանեց խաղաղության պատրաստակամության խոսքերով։
Հիշեցնենք, որ թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել էր.
«Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»: