28/09/2021 18:02
Ադրբեջանի բռնապետը բացահայտ կերպով քիթը մտցնում է ՀՀ ներքին գործերի մեջ, իսկ «պողպատյա մանդատ» ունեցող Նիկոլ Փաշինյանը ծպտուն անգամ չի հանում. քաղաքագետ
Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի դեմ գործում է համատեղ, և երկու պետությունների ղեկավարների հայատյաց հայտարարությունները սինխրոն բնույթ են կրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն։
«Գործը հասել է նրան, որ Ադրբեջանի բռնապետը բացահայտ կերպով քիթը մտցնում է ՀՀ ներքին գործերի մեջ և հայտարարում, որ Հայաստանը պետք է սահմանադրություն փոխի։ Իսկ «պողպատյա մանդատ» ունեցող Նիկոլ Փաշինյանը ծպտուն չի հանում, որովհետև պարտված քաղաքական լիդերը չի կարող իրեն պարտության մատնած և նսեմացրած անձին պատասխանել»,- ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ այսօրինակ հայտարարությունը հայկական կողմից համարժեք արձագանք չգտավ, և որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պատասխան հայտարարություն չհնչեց, քաղաքագետը շեշտեց՝ ՀՀ իշխանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ոչ միայն չեն պատասխանում, այլև չեն կարող պատասխանել Ալիևին։
«Եթե Նիկոլ Փաշինյանը կարող է կեղծիքներով իր կողմը գրավել հայաստանյան հասարակության ինչ-որ մասին և ներքին լսարանի համար օգտագործել իր «պողպատյա մանդատը», ապա դրսում նա շարունակում է մնալ կապիտուլյանտ, չհարգված, չընդունված և շատ թույլ քաղաքական գործիչ, որի հետ Էրդողանն ու Ալիևը ոչ թե խոսում, այլ իրենց ցանկացածն են պարտադրում։ Նա դրսում ոչինչ է, նրա հետ ոչ ոք չի բանակցում»,- նշեց Գագիկ Համբարյանը։