28/09/2021 15:09
Տպավորություն է, թե ՀՀ պաշտպանությանն ու անվտանգությանը սպառնացող առաջին վտանգը հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրվելը կամ չընտրվելն է․ Ղազինյան (Տեսանյութ)
Հայաստանի պաշտպանության և անվտանգային համակարգում տիրող աղետալի, կոլապսային իրավիճակում հանձնաժողովը համարժեք չէ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում այսօր 5-րդ անգամ առաջադրվելուց հետո կրկին չընտրված Արթուր Ղազինյանը։
Նա շեշտեց, որ իր բազմաթիվ փորձերը՝ հանձնաժողովի նիստի օրակարգում ներառել կարևոր նշանակության հարցեր ու առաջարկներ, մերժվում են, փոխարենը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից օրակարգ են բերվում միայն արարողակարգային հարցերը։
«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պաշտպանությանն ու անվտանգությանը սպառնացող համար մեկ վտանգը հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրվելը կամ չընտրվելն է», - ասաց Արթուր Ղազինյանը։
Նա ընդգծեց, որ այսօրվա նիստին ներկայացրած իր առաջարկը՝ ստեղծել ենթահանձնաժողով, որը կուսումնասիրի, թե ինչու հոկտեմբերի 7-ին ՌԴ առաջարկով պատերազմը չի կանգնեցվել, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին չի ընդունվել, քանի որ այդ դեպքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը 2020 թվականին Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից է եղել, ստիպված էր լինելու ստեղծվելիք ենթահանձնաժողովին տվյալներ ու պարզաբանումներ ներկայացնել։
«Այսինքն, ինքը ևս պետք է քննվեր այդ ենթահանձնաժողովի կողմից։ Դա խոսում է այն մասին, որ եթե իշխանությունները որոշեն ստեղծել քննիչ հանձնաժողով, այդ հանձնաժողովը չի կարող ղեկավարվել քննվող խնդրում էական ու կարևոր դերակատարում ունեցած մարդու կողմից», - ասաց Արթուր Ղազինյանը։
Հարցին՝ ինքը կրկին կառաջադրվի՞ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ խմբակցությունը կորոշի․
«Ընդդիմությունը Անդրանիկ Քոչարյանի պահանջով չպետք է թեկնածու փոխի կամ նախագահի տեղակալի պաշտոնը զիջի իշխանությանը»։