28/09/2021 18:22
Մինչև այս իշխանությունները չգնան, չենք կարողանալու բացահայտել և իմանալ, թե ողբերգությունն ինչպես եկավ մեր տուն․ Մետաքսե Հակոբյան
«Գիտակցում ենք, որ մինչև այս իշխանությունները չգնան, մենք չենք կարողանալու բացահայտել և իրականում իմանալ, թե այդ ողբերգությունն ինչպես եկավ մեր տուն»,- առցանց ասուլիում ասաց ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ պատերազմից մեկ տարի անց ներկայացնելով այն տրամադրությունները, որոնք կան Արցախի բազմաթիվ բնակիչների մոտ։
«Կարիք ունենք հասկանալու՝ որտե՞ղ բացթողում արեցինք, որ մեզ կարողացան այսպես դավաճանել ու հասցնել այս վիճակին»,- նշեց նա։
Մետաքսե Հակոբյանն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանություններին մեղադրեց ողբերգական պարտությունից հետո իշխանությունից չհեռանալու, «աթոռներից կառչած մնալու» համար։
«Այս մեկ տարվա ընթացքում նրանք կարողացան պարտության բեռը, որն ամբողջությամբ իրենք պետք է կրեին ու պատասխան տային, հաջողությամբ տեղափոխել ազգի յուրաքանչյուր մասնիկի, յուրաքանչյուր հայի ուսերին՝ նաև զինվորի, զոհվածի ծնողի ուսերին, բոլորի՝ բացի իրենցից։ Իշխանությունները պատասխանատվությունը դրեցին զոհվածի հոր ու մոր ուսերին, բայց այդ ուսերը չեն կարող դիմանալ։ Նրանք որդիների կորստյան ցավը չեն կարողանում տանել, ուր մնաց՝ մեղավորության պատասխանատվությունը»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։
Հակոբյանը նշեց նաև, որ Արցախում մարդկանց ծանր հոգեբանական վիճակին գումարվում են նաև սոցիալական խնդիրները, որոնք առաջացել են պատերազմից հետո։
«44-օրյա պատերազմը դարձավ այն ողբերգությունը, որի հետևանքով Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը կանգնեցին քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական այնպիսի մարտահրավերների առջև, որոնք այս իշխանությունների լինելու դեպքում մենք չենք կարողանալու հաղթահարել, և դա պարզ ու ակնհայտ երևում է»,- ասաց նա։