28/09/2021 15:55
Խայտառակություն է, որ մեր հարևան երկիրը, հարևան մյուս երկրի դրդմամբ, ամենաբարձր պաշտոնյայի շուրթերով պահանջ է ներկայացնում Հայաստանին փոխել իր Սահմանադրությունը. թուրքագետ
Ալիևի երեկվա հայտարարությունը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն, անընդունելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռոբեն Սաֆրաստյանը։
«Ես խայտառակություն եմ համարում, որ մեր հարևան երկիրը, հարևան մյուս երկրի դրդմամբ, ամենաբարձր պաշտոնյայի շուրթերով նման հայտարարություն է անում և պահանջ է ներկայացնում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։
Սա արդեն անցնում է քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր շրջանակները։ Սա ուղղակի նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանն սկսում են խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Ինձ համար դա բացարձակ անընդունելի է», - ասաց թուրքագետը։
Հիշեցնենք, որ թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել էր.
«Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»: