28/09/2021 18:56
Անդրանիկ Քոչարյանը պնդել է, որ լրագրողները սխալ պատկերացում ունեն Փաշինյանի ատամնաշարի մասին և հորդորել է պատրաստվել նրա հետ «ամենակարևոր շփմանը»
«Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ելույթում, փորձագետների գնահատմամբ, «անատամ» ելույթ ունեցավ Թուրքիայի հետ կապված։ Ինչու՞ չդատապարտեց Թուրքիային»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։
«Սխալ պատկերացում ունեք Հայաստանի հանրապետության վարչապետի ատամնաշարի մասին։ Ուրի՞շ»,- ասաց Քոչարյանը։
Հստակեցմանը, թե խոսքը 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերին չանդրադառնալու մասին է, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Ես կանդրադառնամ՝ հետո, երբ գաք ինձանից հարցազրույց վերցնելու։ Հիմա ատամնաշարը լրիվ բավարար է ձեզ»։
Ընդդիմության տեսակետը, թե ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթն ապացուցում է, որ պատերազմը պայմանավորված էր, Անդրանիկ Քոչարյանը ռևանշիստական համարեց։
«Ընդդիմությունը շարժվում է ոչ թե որպես ընդդիմություն, այդպիսի հարցադրումներով իրենք շարժվում են և դարձել են ռևանշիստական քաղաքական միավոր»,- կարծիք հայտնեց նա։
ՄԱԿ-ի ելույթի, այդ ելույթում Փաշինյանի կողմից Շուշիի և Հադրութի օկուպացիայի մասին չբարձրաձայնելու մասին մյուս հարցերին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն այլևս չասաց, որ առանձին կխոսի։ Ակնարկեց, որ Փաշինյանը կպատասխանի։
«Առիթ ունենալու եք Հայաստանի ղեկավարին այդ հարցն ուղղակի տալ»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե նա այլևս չի շփվում լրագրողների հետ, Քոչարյանն արձագանքեց․
«Ուրեմն, պետք է պատրաստվել ամենակարևոր շփմանը»։