28/09/2021 14:20
Մեղադրող դատախազը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստերը պլանավորած ձախողվում են
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդում է՝ պլանավորած էր այսօրվա դատական նիստը ձախողել։
«Ես պնդում եմ, ինչպես պնդել եմ յուրաքանչյուր դատական նիստի։ Եթե ոմանք կարողանում են բոլորի աչքի առաջ դատական նիստը տապալելուն ուղղված գործողություն կատարել, հետո շատ այլ դեմքով ասել, որ «մենք նպատակ ունենք, որ դատական նիստերը կայանան», դա չի նշանակում, որ մենք այն մարդկանցից ենք, որ դրան հեշտ հավատում ենք», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։
Դատախազի խոսքով՝ դատական նիստի հետաձգումների վերաբերյալ միշտ են առարկություններ ներկայացրել, այս պահին էլ դատարանի գործողություններն, իրենց պատկերացմամբ, ուղղված են այդ ձգձգումները կանխելուն։
«Արդեն հոգնել եմ ասել, որ դատական նիստերը հատուկ ձգձվում են, ինձ թվում է, որ դա բոլորի համար պարզ է», - նշեց դատախազը։