07/10/2021 16:14
Հայրենիքը կառուցում են, շենացնում, ոչ թե նվիրում կամ հանձնում թշնամուն․ Արսեն Բաբայանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, համաձայն որի հայրենիքն իր համար լքվածի տպավորություն չթողնող տարածք է, որտեղ ապրում են մարդիկ։
Արսեն Բաբայանը Փաշինյանի այս խոսքերն անհայրենիք մարդու խոստովանություն է համարել:
«Ինձ համար հայրենիքն այն է, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ նայելիս լքված տարածքի տպավորություն չի թողնում»:
Այս մտքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ արտասանել է երեկ, ԱԺ ամբիոնից:
Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել:
Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ այս մարդն անգամ մի կաթիլ պատկերացում չունի հայրենիքից: Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ անհնար է այս մարդուց ակնկալել պետության զարգացում և հայրենիքի շենացում:
Այս մարդը պնդում է, որ չբնակեցված տարածքներն իր հայրենիքը չեն, որ դեռևս չկառուցված, թույլերը չուժեղացված համայնքները, որտեղից դժվարությունների պատճառով արտագաղթում են մարդիկ, իր հայրենիքը չէ:
Մարդիկ, դուք ո՞նց եք քվարկել այս մարդու օգտին:
Այս թունավոր գաղափարներով ու մտածողությամբ մարդն ինչպե՞ս կարող է որևէ բարիք ստեղծել: Այդպիսի մարդը, իմ համոզմամբ, հենց սատանայի մարմնավորումն է:
Իմ երկրի ամեն սանիտիմետր հողը, ամենաքիչ բերքատվությամբ, ամենաանպիտան տարածքն իմ Հայրենիքն է:
Հայրենիքը կառուցում են, շենացնում, բնակեցնում, և ոչ թե նվիրում կամ հանձնում ուրիշին, առավել ևս՝ թշնամուն»,- գրել է Արսեն Բաբայանը: