07/10/2021 17:18
Հայաստանն արհամարհված է և դուրս է տարածաշրջանային բոլոր պրոցեսներից, մինչդեռ նախկինում առաջամարտիկի պոտենցիալ ուներ. Ռուբեն Մելքոնյան
Իրանի և Թուրքիայի միջև քաղաքական խորհրդակցությունները, տարբեր պաշտոնյաների հանդիպումները ցույց են տալիս, որ տարածաշրջանը եռում է, և փոխադարձ մեսիջները՝ սահմանների փակում, բեռնատարների համար որոշակի արգելքների սահմանում և այլն, մի ամբողջ գործընթացի մաս են կազմում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Անկարայում վաղը կայանալիք թուրք-իրանական քաղաքական խորհրդակցություններին։
«Իրանի գերակտիվությունն առնչվում է ոչ միայն Իրան-Ադրբեջան, այլ նաև Իրան-Թուրքիա հարաբերություններին, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը մեծապես սնվում է նաև Թուրքիայի կողմից», - ասաց նա՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 8-ին փոխարտգործնախարարների մակարդակով մեկնարկելիք քաղաքական խորհրդակցություններն առնչվելու են երեք ոլորտների՝ քաղաքական, տնտեսական և ռազմական։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը, Ռուբեն Մելքոնյանը նկատեց՝ լինելով այս տարածաշրջանի մի մասը՝ Հայաստանը պետք է ոչ միայն դիտորդի դերում լիներ, այլև մասնակցեր բոլոր պրոցեսներին։
«Բայց ներկա ապաշնորհ քաղաքականության հետևանքով Հայաստանը նույնիսկ դիտորդ էլ չէ այս պրոցեսներին։ Գործընթացները, որոնք մեծապես վերաբերում են Հայաստանին, ՀՀ իշխանություններն ամբողջովին անտեսում են։ Նրանք զբաղված են յոթերորդ կարևորության խնդիրներով և ինքնախաբեությամբ՝ հոխորտալով միայն ներքին թշնամիների վրա և «խիզախ» դեմքով հանդես գալով միայն ԱԺ ամբիոնից։
Արտաքին շփումներում ՀՀ իշխանությունները կամ չկան կամ շատ համեստ դեմքով են նստում բանակցությունների։ Իհարկե, ցանկալի էր, որ Հայաստանը լիներ տարածաշրջանային գորըծնթացների առաջամարտիկը՝ մանավանդ, որ նախկինում ուներ դրա պոնտենցիալը՝ և՛ մասնագիտական, և՛ այլ առումներով։
Բայց այս պահին Հայաստանը դուրս է բոլոր պրոցեսներից և արհարմարհված է։ Հայաստանը գտնվում է կարևոր իրադարձությունների իրականացման ծիրում՝ զուտ որպես օբյեկտ», - եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։