07/10/2021 16:40
Թուրքիայի և Իրանի հարաբերություններն այս պահին արտաքուստ բարեկամական են, բայց իրականում՝ մրցակցային. Հակոբ Չաքրյան
Թուրքիայի և Իրանի հարաբերություններն այս պահին արտաքուստ բարեկամական են, բայց իրականում՝ մրցակցային. երկուսն էլ ցանկանում են Հարավային Կովկասը վերցնել իրենց ազդեցության տակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով Անկարայում փոխարտգործնախարարների մակարդակով վաղը կայանալիք թուրք-իրանական քաղաքական խորհրդակցություններին, որոնց ընթացքում նախատեսվում է անդրադարձ կատարել երկու երկրների հարաբերությունների վիճակին։
«Երկու հզոր քաղաքական ուժ համարվող Թուրքիան և Իրանը տարածաշրջանում միշտ մրցակիցներ են եղել, դրա համար էլ այդ երկրները անհրաժեշտ են համարում իրենց դիրքերն ամրապնդել Ադրբեջանում՝ այդ երկրի միջոցով հասնելու ցանկալի նպատակին», - ասաց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանի խոսքով՝ Հայաստանին այլ բան չի մնում, քան կողքից հետևել թուրք-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը։
«Հայաստանը ներկա վիճկում ուղղակի անկարող է մտնել Թուրքա-Իրան, Իրան-Ադրբեջան խնդիրների մեջ։ Մեր երկիրը նախ պետք է թոթափի կաթվածահար վիճակը», - ասաց թուրքագետը։