08/10/2021 16:00
Ներկա պահին Արցախի անկախության ճանաչման շուրջ պատրանքներ ունենալ պետք չէ. Քաղաքագետ
Որքան էլ ամենատարբեր պաշտոնայներ հայտարարեն, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, չեմ կարծում, թե Արցախի անկախության ճանաչման հավանականությունն այս պահին իրատեսական է։ Հիմա նման պատրանքներ ունենալ պետք չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Այլ հարց է, որ գուցե պահը հարմար է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու համար։ Ցանկալի կլինի աշխատանքները շարունակել հենց այս ձևաչափում, քանի որ այդ շրջանակում մշտապես խոսվել է և հիմա էլ շեշտվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Հայկական կողմը պետք է ձգտի անել ամնե հնարավոր բան, որպեսզի Արցախը, գոնե ժամանակավոր, քաղաքական կարգավիճակ ունենա՝ մինչև իրավիճակը հստակեցվի», - ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին հանդես էր եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։