08/10/2021 17:55
Այժմ պահն է, որպեսզի Արցախի ճանաչման գործընթացն ակտիվորեն առաջ մղվի. Քաղաքագետ
Միջազգային կառույցների և առանձին քաղաքական գործիչների՝ Արցախի կարգավիճակի մասին հայտարարություններն ի շահ Հայաստանի են, և որքան էլ Բաքվի բռնապետը ասի, որ Արցախյան հարց այլևս գոյություն չունի, Արցախի կարգավիճակի մասին հայտարարությունները հակառակն են վկայում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Ադրբեջանի համար սա սառը ցնցուղ է. Ալիևը մտածում է, որ եթե պատերազմում հաղթել է Հայաստանին, իսկ ՀՀ վարչապետն էլ ընդունել է Բաքվից հնչած բոլոր նախապայմանները, ապա Արցախյան հարցը վերջնականապես լուծված է։ Իրականում դա ամենևին էլ այդպես չէ», - ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ Արցախի անկախության ճանաչման գործընթացը վաղուց էր պետք սկսել։
«Արցախի ճանաչման հարցը երբեք էլ ժամանակավրեպ չէ. այն ժամանակավրեպ էր միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ կարող էինք ամբողջ Արցախը կորցնել։ Այժմ պահն է, որպեսզի ՀՀ իշխանություններն ամեն ինչ անեն, որպեսզի Արցախի ճանաչման գործընթացն ակտիվորեն առաջ ընթանա։
Բայց, որքանով նկատում եմ, Նիկոլ Փաշինյանը խաղում է թուրք-ադրբեջանական տանդեմի դաշտում և անում ամեն ինչ, որպեսզի Բաքուն գոհ մնա իր վարած քաղաքականությունից։ ՀՀ վարչապետի քաղաքականությունը բացարձակապես չի համապատասխանում մեր ազգային շահերին։ Ես վստահ եմ, որ Փաշինյանը ոչինչ չի անելու Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ակտիվացնելու համար», - ասաց քաղաքագետը։