08/10/2021 10:59
Ադրբեջանը ցանկանում է խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև, Հայաստանը շատ զգույշ պետք է լինի այդպիսի հարցերում․ Փույա Հոսսեյնի
«Եթե լարվածությունն ավելի սրվի, իհարկե, Իրանն այլ գործիքներ էլ ունի․ իր օդային տարածքը կարող է փակել նաև ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների համար», - 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն Փույա Հոսսեյնին։
Նա նշել է, որ Ադրբեջանին զսպելու նպատակով Իրանն իր ամբողջ գործիքակազմը միանգամից չի կիրառի, գործողությունները փուլային կլինեն։
«Ճնշումը քիչ-քիչ կմեծանա՝ պայմանավորված, թե ինչ արձագանքներ կտա Ադրբեջանը»,- ասել է Հոսսեյնին։
Փույա Հոսսեյնին ստեղծված իրավիճակում չափազանց կարևորել է Հայաստանի արձագանքն ու դիրքորոշումը։
«Շատ կարևոր են նաև Հայաստանի արձագանքները, որովհետև այժմ Իրանի և Հայաստանի շահերն աննախադեպորեն են համընկնում, հակասությունները մյուս կողմի հետ (Ադրբեջանի-խմբ․) շատ են խորացել, և Իրանի ու Հայաստանի շահերը երբևէ այսքան նույնանման չեն եղել, այդ պատճառով Իրանի և Հայաստանի բոլոր գործողությունները պետք է փոխհամաձայնեցված և իրար համապատասխան լինեն։ Ինչ քայլ որ անում է Իրանը, Հայաստանը պետք է հետևի այդ քայլերին, որպեսզի կարողանան մյուս կողմի նկրտումները կանգնեցնեն»,- ասել է նա։
Փույա Հոսսեյնին անդրադարձել է նաև Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանի կողմից օգտագործելու փաստին։
«Բացատրություններ կան, որ սա նոր խնդիր չէ, երբեք փակ չի եղել (Հայաստանի օդային տարածքը-խմբ․), բայց, ամեն դեպքում, հարց է առաջանում՝ ինչու՞ է Իրանի կողմից օդային տարածքը փակելուց մեկ օր հետո, հենց այդ ժամանակն ընտրել Ադրբեջանը։ Ինձ թվում է, նրանք ուզում են խնդիր ստեղծել Իրանի և Հայաստանի միջև, և Հայաստանը պետք է շատ զգույշ լինի այդպիսի հարցերում», - ասել է նա։