11/10/2021 20:50
Ցանկություն կա մոտեցնել տարածաշրջանային հետաքրքրությունները, սակայն կան հակասություններ՝ 3+3 ֆորմատի մասնակիցների շուրջ․ Կոնստանտին Զատուլին
ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման և 3+3 ֆորմատի հեռանկարի շուրջ Armlur.am-ը զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ:
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպումը:
-Ընդհանուր առմամբ, հանդիպումը բավականին կառուցողական էր, շարունակական բնույթ կրող: Հանդիպումն ընթացել է փոխգործակցության շուրջ, խոսակցությունը է եղել հայ-ռուսական հարաբերությունների շուրջ: Իսկ օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերի շրջանակ չի եղել, քանի որ բոլորն էին հասկանում, որ նման հարցեր քննարկվում և լուծվում են այլ մակարդակում: Ընդհանուր առմամբ, խոսակցությունը պրոֆեսիոնալ էր, քննարկվել է, թե ինչպես պետք է համագործակցել, ովքեր պետք է առաջնորդեն:
-Հեղափոխությունից հետո այն տեսակետն էր առկա, թե իշխանությունների մոտ գերիշխում են հակառուսական տրամադրությունները: Դուք նման բան զգացի՞ք:
-Ես պետք է ընդգծեմ, որ հանդիպմանը բոլորը բարեհամբույր էին, և նման կարծիքն այդ ձևաչափին չէր վերաբերում: Նշեմ, որ հանդիպմանը ներկա էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ընդդիմությունից ևս ներկայացուցիչ կար, և նա կարող է հաստատել, որ խոսակցությունը վերաբերել է ընդհանուր թեմաների: Իսկ ինչ վերաբերում է ներկա փուլին, ապա հակառուսական տրամադրությունների հետ կապված հարց է հնչում՝ ինչո՞ւ Ռուսաստանը չկանխեց պատերազմը, կարո՞ղ էր, թե՞ ոչ: Այդ հարցին հստակ պատասխանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը, կոմպետենտ մարդ լինելով, հստակ ասել է, որ այն ժամանակ ՌԴ-ի ունեցած հնարավորություններով մենք չէինք կարող կանխել պատերազմը: Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործել են հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված մի փոքր սառեցումը՝ սխալներով, բարձրագոչ հայտարարություններով, ինչպիսինն է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Այսինքն, այդ հայտարարությունն ինքնին խոսք էր Արցախի անկախության մասին: Հայաստանը հիմա ապրում է Արևմուտքի իդեալներով, սակայն օգնութուն են ակնկալում Ռուսաստանից: Նույն կերպ Թուրքիայի հանդիպման մասով ազդակ է արվում Վրաստանի կողմից, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ նրանց, այլ ոչ թե ՌԴ-ի կողմից:
-ՌԴ արտգործնախարարը խոսեց 3+3 ձեւաչափի մասին: Որքանո՞վ է այն իրատեսական:
-Կա մի խնդիր, որը կոչվում է Թուրքիա: Հիմա փորձ է արվում հեռանալ ստատուսի մասին խոսակցություններից, քանի որ դրանք լավ տեղ չեն տանելու: Դա ՌԴ-ի պաշտոնական իշխանությունների տեսակետն է: Ես անձնապես հասկանում եմ այդ տեսակետը, սակայն խորը կասկածներ ունեմ, որ կարող է այդ պրոյեկտը կյանքի կոչվել, և անցյալը կշրջվի: Միգուցե Հայաստանի իշխանություններում կան մարդիկ, որոնք այդ տարբերակին ավելի են վստահում: Ինչ վերաբերում է ձևաչափին, ապա իսկապես ցանկություն կա մոտեցնել տարածաշրջանային հետաքրքրությունները, սակայն կան հակասություններ՝ 3+3 ֆորմատի մասնակիցների շուրջ: ՌԴ-ն խնդիրներ ունի Վրաստանի, Թուրքիայի հետ, Իրանը սուր է արձագանքում Ադրբեջանին և Թուրքիային, Հայաստանը՝ նույնպես: Այս ֆորմատը պետք է այդ հակասությունները մի կողմ դնի, սակայն դեռ չպետք է կարծել, թե այն կարող է հաջողություն ունենալ: Ցանկությունները բարի են, սակայն իրագործման շուրջ կան հակասություններ: