11/10/2021 15:27
Հնդկաստանը հասկանում է, որ Հայաստանի և Իրանի հետ փոխգործակցությամբ կարևոր հանձնառություն ունի՝ պահելու Սյունիքը և բանուկ երթուղի ստանալու. Քաղաքական վերլուծաբան
Aysor.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։
- Պարոն Սարոյան, սպասվում է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի այցը Հայաստան։ Սա պատմության մեջ նմանօրինակ առաջին այցն է։ Ձեր կարծիքով, որո՞նք են Հնդկաստանի տարածաշրջանային հետաքրքրությունները, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների առումով։
- Այսօր Հնդկաստանն աշխարհի առաջատար պետություններից մեկն է և անգամ հայտ է ներկայացնում՝ լինելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Պետք է հասկանալ, որ նման կարգի աշխարհաքաղաքական խաղացողի հայտ ներկայացնել ենթադրում է նաև աշխարհում որոշակի դերի ստանձնում և առանձին տարածաշրջաններում ներկա գտնվելու փաստի ամրագրում։
Այդ տեսանկյունից Հարավային Կովկասը կարևոր միջանցք է Հնդկաստանի համար, քանի որ նա ունի այնպիսի մրցակիցներ, որոնց հետ հարաբերություններն բավականին խրթին են։ Դա առաջին հերթին Պակիստանն ու Չինաստանն են։ Պակիստանն այսօր Թուրքիայի և Ադրբեջանի ուղղակի դաշնակիցն է և համատեղ ծրագրեր է իրականացնում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Գիտենք նաև, որ Պակիստանը մշտապես վատ է տրամադրված եղել Հայաստանի նկատմամբ՝ անգամ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը և բոլոր ձեռնարկումներում մշտապես աջակցում է Ադրբեջանին։
Հիմա, այն ինչ կատարվում է Հարավային Կովկասում, ուղղակիորեն չի բխում Հնդկաստանի շահերից՝ հատկապես կապված, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքի» հետ։ Մենք գիտենք, որ Հյուսիս-հարավ երթուղու հետևում, բացի Իրանից, կանգնած է նաև Հնդկաստանը, և առանց Հայաստանի՝ այդ երթուղին չի կարող կյանքի կոչվել։ Այստեղ հակադրվող շահեր կան՝ մի կողմից՝ Արևելք-Արևմուտք թուրքական միջանցքի, մյուս կողմից՝ Պարսից ծոցից դեպի Սև ծով երթուղու կենսգործունեության հետ։ Սրանք հակադիր շահեր են, և Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի խափանի Հյուսիս-Հարավի գոյությունը, փակի այդ երթուղին, և տարածաշրջանը կախված լինի Արևելք-Արևմուտք երթուղուց։ Հնդկաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի և Իրանի հետ փոխգործակցությամբ ինքը կարևոր հանձնառություն ունի՝ պահելու Սյունիքը և բանուկ երթուղի ստանալու։
- Կարելի՞ է ենթադրել, որ Հնդկաստանը ձգտելու է շարունակաբար մեծացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ ընդլայնելով իր դերակատարությունը։
- Իհարկե։ Եթե Հյուսիս-Հարավը գործարկվի, Հնդկաստանի ներգրավվածությունը միանգամից կմեծանա Հայաստանի հետ փոխշահավետ տնտեսական կապեր ստեղծելու տեսանկյումից։ Հնդկաստանը տնտեսական շատ ավելի մեծ ներգրավվածություն կունենա Հայաստանում։