11/10/2021 17:34
Հնդկաստանի ներգրավվածությունը տարածաշրջանում Հայաստանին կարող է լրացուցիչ տնտեսական օգուտ և անվտանգության երաշխիքներ բերել
Հնդկաստանի տարածաշրջանային հետաքրքրվածությունը Հայաստանի համար ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական դրական ասպեկտներ՝ պայմանավորված նախևառաջ պատմական կապերի, այնուհետև՝ Պակիստանի հետ Քաշմիրի նահանգի գործոններով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի՝ Հայաստան կատարելիք այցին։
«Այնպես է ստացվել, որ Հնդկաստանը մեխանիկորեն դարձել է մեր հակառակորդ Ադրբեջանին օժանդակող Պակիստանի հակառակորդը։ Միջազգային հարթակներում, որտեղ Պակիստանը դինամիկ աջակցում է Ադրբեջանին, մենք կարող ենք ակնկալել Հնդկաստանի օժանդակությունը։ Ըստ էության՝ Հնդկաստանը մեզ համար բարեկամ երկիր է, լավ դաշնակից», - ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Հայաստանում Հնդկաստանի տնտեսական ներկայացվածության հարցին՝ Գարիկ Քեռյանը նկատեց՝ այդ երկիրը մոտ 1 մլրդ ազգաբնակչություն ունի։
«Բնակչության թվով Հնդկաստանը երկրորդն է Չինաստանից հետո և հիմա այնպիսի մեծ տնտեսական ներուժ ունի, որ G20-ի անդամ է։ Բացի այդ, Հնդկաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամի թիվ մեկ թեկնածուն է», - ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի հիշեցրեց գոյություն ունեցող տնտեսական նախագծի մասին, որը Հնդկաստանը և Իրանը պետք է կապի Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
«Այստեղ շատ կարևոր կարող է լինել Հնդկաստանի դերը, որ այդ կոմունիկացիաներն անցնեն Հայաստանով։ Սա կարող է մեզ համար լրացուցիչ տնտեսական օգուտ և անվտանգության երաշխիքներ բերել», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան:
Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած պատմության մեջ առաջին այցը: