11/10/2021 18:50
Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի երկխոսությամբ. ՀՀ նախագահը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ
Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը:
Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը` կարևորելով նաև պետքարտուղարի նշանակալի ներդրումն այդ գործում:
«Մենք բարձր ենք գնահատում անցյալ տարի հայ ժողովրդին պատուհասած պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հնչեցրած ուղերձները, ինչպես նաև մարդասիրական օգնությունն Աշոցքի հիվանդանոցին»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Նախագահը վերահաստատել է Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու՝ Հայաստանի շահագրգռությունն ու հանձնառությունը՝ նշելով, որ այդ հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր քաղաքական երկխոսությամբ և հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ համանման մոտեցումների վրա:
Հայաստանի նախագահը ողջունել է Երևանում Առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սրբազան քահանայապետի որոշումը, որը պաշտոնապես կբացվի շուտով և որը ևս մեկ անգամ փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու երկուստեք հանձնառությունը:
Նախագահ Սարգսյանը և կարդինալ Պարոլինը խոսել են նաև մշակութային փոխգործակցության մասին: Զրուցակիցներն ընդգծել են Հռոմի կաթոլիկ, Հայաստանյայց առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններն ու ամուր կապը: